Ականջ
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: