Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք։

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԵԼՔԸ X ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ XI ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Հայոց թագավորության վերելքը: Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներին վերացավ արտաքին հարձակումների վտանգը: Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության մի ժամանակաշրջան: Աշոտին փոխարինեց եղբայրը` Աբասը (928–953), որը մինչ այդ Կարսի կառավարիչն էր: Նա երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը` Կարս, որը կարճ ժամանակում կառուցապատվեց, ընդարձակվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից:

Աբասը հայ եկեղեցու կենտրոնաձիգ ուժն օգտագործելու համար կաթողիկոսական աթոռը 948 թ.՝ Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք, Աղթամարից տեղափոխեց Կարս: Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր:

Աբասին փոխարինեց որդին՝ Աշոր II–ը (953-977)։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոր Ողորմած անունը: Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին: Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք:

961 թ. Աշոտ III–ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը: Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով: Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր: Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ: Իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը:

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը: Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ:

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք (977–990)։ Աշոտ Ողորմածը 963–964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ: Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։

Սմբատ II–ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987 թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը:

Թագավորությունը հզորության գագաթնակետին: Գագիկ I Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I–ի օրոք (990–1020):

Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ: Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը: Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը: Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի՝ արքայից արքայի՝ մյուս թագավորներն իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ: Կաթողիկոսի ընտրությունը ևս կատարվում էր թագավորի կարգադրությամբ:

1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I–ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց: Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից: Պատմիչները դրա համար վերջինիս հիշատակում են Դավիթ Անհողին անունով: Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներում խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները:

998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան: Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն: Հայկական զորքին միացան նաև վրացիները: Ճակատամարտը տեղի ունեցավ Ապահունիքի Ծումբ գյուղի մոտ: Հայ–վրացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ իրենց ոտնձգություններից:

Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը: Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման: 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը: Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցու շինարարությունը: Այս հոյակերտ տաճարների հեղինակը հռչակված ճարտարապետ Տրդատն էր:

Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան հատկապես Պահլավունիները: Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցն ու եկեղեցին: Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը: Ախուրյանի ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին: