Զինված պայքարը Արցախում և Սյունիքում։


Պայքարի սկիզբը Արցախում: XVIII դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար: Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Ստեղծված իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ՝ մերձկասպյան տարածքներ ձգտող Ռուսաստանը։
Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I-ը 1722 թ. արշավանք կազմակերպեց մերձկասպյան տարածքներ:
Մոտալուտ արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում: Նրանք սկսեցին ակտիվորեն զբաղվել ազատագրության խնդրով: Վրաստանից հայ կամավորներով Սյունիք ժամանեց Դավիթ Բեկը: Արցախի մելիքներն այդ ժամանակ կազմակերպել էին 12000-անոց զորք: Դրանից 10000-ը, առաջնորդվելով Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանի ցուցումով, ռազմերթով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը՝ սպասելու ռուսական զորքին: Սակայն Դերբենդը գրավելուց հետո Պետրոս I-ը անակնկալ վերադարձավ Աստրախան։
Տեղեկանալով կասպիական արշավանքի հետաձգվելու մասին՝ հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը: Ազատագրական պայքարին օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հազարապետերն՝ իրենց համախոհներով: Գյուլիստանում, Շոշում (Շուշի), Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կագմզկերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ: Դրանք կարճ ժամանակում վերածվեցին հայկական յուրահատուկ կիսանկախ իշխանապետությունների:
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723թ. հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ:
Գերիշխանության համար ընթացող ռուս թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռոաաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև: Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը: Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք, հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը: Ռուսական հրամանատարությունը, որ հայերից գաղտնի էր պահում պայմանագրի կնքման փաստը, Պետրոս I կայսերն ուղղված զեկուցագրերում զարմանք էր հայտնում հայկական զինուժի դիմադրության և սխրանքների մասին:
Օգտագործելով հարմար պահը՝ Օսմանյան կայսրությունն անցավ ծավալուն հարձակման:
Երևանի 1724թ. հերոսական պաշտպանությունը: Թուրքական զորքերը, 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ, սկսում են ավերել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները 40 օրվա համառ ղիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը:
Հունիսի7-ին թուրքական զորքը պաշարում է Երևանը: Պաշտպանության համար ոտքի է կանգնում նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը:
Հակառակորդի գրոհները մատնվում են անհաջողության: Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով, սակայն, 1724թ. սեպտեմբերի26-ին Երևանն անձնատուր է լինում։ Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ:
Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրությունն ու ռազմական բարձր ոգին: Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Սյունիք և Արցախ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին:
Զինված պայրարը Արցախում: Արցախի ազատագրական ուժերը 1724թ թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին: Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով:
1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության: Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Հայկական ուժերի հաղթական գործողությունը մեծ արձագանր ստացավ և բարձրացրեց հայերի ինքնավստահությունն ու մարտունակությունը:
Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը: 1726թ. օսմանյան զինուժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ և որդեգրեցին անակնկալ հարձակումների մարտավարությունը:
Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը: 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս ԵսայիՀասանՋալալյանը: Իսկ հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ՝ նորաստեղծ «Հայկական Էսկադրոնի» կազմ: Այս դեպքերը մեծ հարված հասցրին արցախահայության ազատագրական շարժմանը: 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ պայքարի վերջին օջախներից էր Գյուլիստանի սղնախը՝ Աբրահամսպարապետի գլխավորությամբ:
Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ:
ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Ազատագրական պայքարի սկիզբը Սյունիքում: Դակիթ բեկ: Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ագգեցությունը: Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի դեմ:
Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին: Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը: Ձերբակսղված Բաղրին Դավիթ բեկի պահանջով գլխատեցին: Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը: Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը:
Հայկական իշխանության ստեղծումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասն ազատագրել Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն (Կապանի Մեծ իշխանություն), որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցոպաբերելու և գործելու համաձայնեցված:
Հալիձորի հաղթանակը: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական։ 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման։ Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին։ Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը։
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր։ Այն հայերի մեջ վերածնեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակներն ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:
Մխիթար սպարապետ: Դավիթ բեկը 1728 թ անակնկալ մահացավ։ Ազատագրական պայքարը Սյունիքում մեծ կորուստ կրեց։ Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետը:
Օսմանյան զորքերը շուտով անցան հարձակման։ Հալիձորի երկրորդ պաշարման ժամանակ հայոց զինվորական հրամանատարության մեջ անհամաձայնություն ծագեց։ Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպանությունդ և ուժասպառ անել թշնամուն։ Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին: Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կոտորեցին հայ բնակչությանը:
Հալիձորի անկումից հետո Մխիթարին հաջողվեց միավորել հայկական ուժերը և ձեռքբերումներ ունենալ: Սակայն 1730թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպարապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել:
Այնուամենայնիվ, զինված պայքարի շնորհիվ և՝ Արցախում, և՝ Սյունիքում, թեկուզ կարճ ժամանակով, վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը։
Ազգային-ազատագրական կռիվները Սյունիքում և Արցախում հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներից են: Հայկական զինված պայքարը խոր հետք թողեց և բարձրացրեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին: Պարսկաստանը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը: