Լիցքավորված մասնիկներ
Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`
1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:
Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.
1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:
3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:
4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:
Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ
1․Ինչպիսի՞ շարժում են կատարում ազատ էլեկտրոնները մետաղե հաղորդչում, երբ այն անջատված է գալվանական էլեմենտից:
- չեն շարժվում
- քաոսային և միաժամանակ ուղղորդված
- միայն քաոսային
- միայն ուղղորդված
2․Շիկացման թելիկով հոսանքի անցման ժամանակ հոսանքի ո՞ր ազդեցությունն է՝ ջերմային, կենսաբանական, քիմիական, թե մագնիսական, նպաստում լուսարձակման առաջացմանը:
3․Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:
- քիմիական
- մագնիսական
- կենսաբանական
- ջերմային
4․Դրական իոնների ուղղորդված շարժման ժամանակ հոսանք կառաջանա, թե՞ չի առաջանա:
5․Ինչո՞վ (ջրով, սովորական կրակմարիչով, թե չոր ավազով) կարելի է հանգցնել հոսանքի աղբյուրին միացված հաղորդչում առաջացած կրակը:
Մեկից ավելի պատասխանի դեպքում դրանք անջատեք ստորակետով:
6․Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը աղաջրի լուծույթում:
- էլեկտրոնների
- նեյտրոնների
- դրական իոնների
- բացասական իոնների
7․Ո՞րն է/որո՞նք են նախադասոության ճիշտ շարունակություն(ներ)ը:
Հաղորդալարում էլեկտրական հոսանքի ուղղությունը՝
1) դրական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
2) բացասական մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունն է
3) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման ուղղությունն է
4) ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժման հակառակ ուղղությունն է