Հայաստանի երրորդ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։

Հասարակական-քաղաքական կյանքը

Բազմակուսակցական համակարգի ձևավորումը։ 1991թ. խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ: Հայրենիքում ազատորեն գործելու իրավունք ստացան ազգային ավանդական կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար–ազատական և Սոցիալ–դեմոկրատական հնչակյան կուսակցությունները:

Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական– քաղաքական կազմակերպություններ ու միություններ: Դրանցից են Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) և այլն: Ավելի ուշ հիմնվեցին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն:

Կուսակցությունների թիվը հետզհետե խիստ աճեց՝ հասնելով մի քանի տասնյակի:

Հանրապետության բազմակուսակցական հասարակական–քաղաքական կյանքում հետխորհրդային առաջին տարիներին Գերագույն խորհրդում ամենամեծ խմբավորումն ուներ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), ապա` Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ), Հայաստանի ռամկավար–ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ):

1994թ. դեկտեմբերի 28–ից հետո, կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու ամբաստանությամբ, կասեցվեց ՀՅԴ–ի գործունեությունը, որը չկարողացավ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հասարակական կյանքից այդ ուժի մեկուսացումը բացասաբար անդրադարձավ ժողովրդավարական վերափոխումների ընթացքի վրա, և երկրում ստեղծեց քաղաքական լարված իրավիճակ:

Հասարակական–քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Բնակչության հասարակական–քաղաքական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22–ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները: «Հանրապետություն» միավորումը առաջադրեց հանրապետության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, իսկ ընդդիմությունը, միավորելով հինգ քաղաքական կազմակերպությունների, առաջադրեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը: Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից` մարդիկ դուրս եկան հանրահավաքների:

Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում: Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. փետրվարին Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականին: 1998թ. մարտի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած, ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև: Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը:

Ընտրություններից հետո հանրապետության հիմնական քաղաքական ուժերը Դաշնակցությունն ու Երկրապահներն էին: ՀՅԴ–ն, որի պաշտոնական կարգավիճակը վերականգնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, հրաժարվելով ընդդիմադիր պայքարի հարուստ փորձից, դաշնակցեց նախագահի հետ: Բավականին ակտիվ քաղաքական պայքարի մթնոլորտում անցան 1999թ. մայիսի 30–ի խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական շրջանում ձևավորվեց «Միասնություն» դաշինքը: Ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան միավորվել և լուրջ ուժ ստեղծել: Ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը:

Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27–ի` նախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ: Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը:

Ներքաղաքական զարգացումները 1999-2012թթ.: Հայաստանի Հանրապետության նախագահական չորրորդ ընտրություններն անցկացվեցին 2003թ. փետրվարի 19-ին: Վարչապետ նշանակվեց 2000 թվականից այդ պաշտոնում գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը (1951–2007):

Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին: ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20–ից 10 օր խաղաղ հանրահավաքներ կազմակերպեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1–2–ին հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20–օրյա արտակարգ դրություն:

Վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: ՀՅԴ-ն 2009թ. ապրիլի 22–ին դուրս եկավ կոալիցիայից և հայտարարեց, որ ծավալում է կառուցողական ընդդիմադիր գործունեություն:

Հանրապետության բազմակուսակցական համակարգի ձևավորման գործում իր դերակատարությունն ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում` իշխող ՀՀԿ կուսակցությունից հետո պատգամավորների քանակով (25 պատգամավոր) ԲՀԿ–ն, երկրորդ տեղը գրավելով, մյուս երեք կուսակցությունների հետ կազմեց կոալիցիա: Հանրապետության ընդդիմադիր դաշտի մի խումբ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ միավորվելով կազմեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը ձևավորվեց 2008թ., ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր–Պետրոսյանի ղեկավարությամբ:

ՀՀ նորընտիր նախագահի և ընդդիմության նախաձեռնությամբ ՀՀ քաղաքական կյանքում սկսեց ձևավորվել նոր` փոխադարձաբար ավելի հանդուրժող մթնոլորտ:

2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ձևավորվեց ՀՀ կուսակցությունների հետ խորհրդակցությունների ավանդույթը, որին ընդառաջ գնաց ընդդիմադիր կողմը: 2011թ. մայիս–սեպտեմբեր շրջանում մի քանի անգամ տեղի ունեցան ՀԱԿ-ի և քաղաքային կոալիցիայի ներկայացուցիչների երկխոսություններ: Դրանք քաղաքային մշակույթի ձևավորման առումով շատ կարևոր էին, քանզի նման վարքագիծը մեծապես նպաստում է քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործընթացին:

2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ընտրություններից հետո ԲՀԿ-ն, որը խորհրդարանում ստացավ շատ ձայներ, հրաժարվեց կոալիցիայի մեջ մտնելուց, ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ կազմեց կոալիցիա: Կրկին վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: