Հայդուկային շարժումը

ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Հայդուկային շարժման սկիզբը: Սուլթան Աբդուլ Համիդ II–ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի: Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետևակ) կամ ֆիդայիները (արաբերեն՝ զոհ, այսինքն՝ ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքրիկ խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ: Նրանք հաճախ անձնական վրիժառություն էին իրականացնում թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաների նկատմամբ: Նշանավոր հրապարակախոս ու գրող Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ:

Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր: Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ–տնտեսական ծանր վիճակի: Հայդուկային պայքարը հատկա պես ուժեղացավ 1890–ական թթ.: Ազգային կուսակցությունները, մասնավորապես` դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը:

Առաջին ֆիդայիներից էին Մարգար Վարժապերը, Արաբոն, Թորոս Ծառուկյանը և ուրիշներ: 1880–ական թթ. վերջին Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, առաջացան զինված ջոկատներ՝ չելլոներ անունով: Չելլոներում ընդգրկված հայ ֆիդայիները ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի չառաջացնեն թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը հայության նկատմամբ:

Նշանավոր հայդուկապետերը։ Հայդուկային շարժումը տվեց հայդուկապետերի մի ողջ համաստեղություն: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ Արաբոն: Նա ծնվել է 1863 թ. Սասունի Կոռթեր գյուղում, կռվել է չելլոների կազմում: Արաբոն շուտով անհատ վրիժառուից դարձավ հայդուկապետ:

Խուսափելով իշխանությունների հետապնդումներից՝ Արաբոն անցել է Այսրկովկաս, մտել դաշնակցության շարքերը, մասնակցել նրա առաջին ընդհանուր ժողովին: Ցավոք, 1893 թ. Արևմտյան Հայաստան վերադառնալիս նրա ջոկատն ընկել է շրջապատման մեջ: Արաբոն և իր 16 ֆիդայիները հերոսաբար զոհվել են: Ժողովուրդը երկար ժամանակ չի հավատացել իր առաջնորդի մահվանը և սպասել է նրա վերադարձին:

1890–ական թթ. սկզբներին մեծ ժողովրդականություն ձեռք բերած ֆիդայապետերից էր Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, ծնվել է 1864 թ.): Նրա ծննդավայրը Նեմրութ լեռան լանջին ընկած Սոխորդ գյուղն էր: Կինը` Սոսեն, ով իր ամուսնու հետ կիսեց հայդուկային կյանքի բոլոր դժվարությունները, հարևան Թեղուտ գյուղից էր: Նեմրութը հետագայում դարձավ Սերոբի գործունեության կարևոր վայրերից մեկը:

1890–ական թթ. կեսերին Աղբյուր Սերոբին հաջողվում է միավորել Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի մեծ մասը: Հատկապես Բաբշենի 1898 թ. հաղթական կռվից հետո Սերոբը դառնում է Արևմտյան Հայաստանի ազատարարի խորհրդանիշ: Նրա գործունեությունից անհանգստացած՝ իշխանությունները ջանք չեն խնայում «Նեմրութի հսկային» վերացնելու համար: 1899 թ. Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են: Մեկ տարի անց Սերոբի հավատարիմ զինվորներ Գևորգ Չավուշն ու Անդրանիկը վրեժխնդիր են լինում իրենց առաջնորդին մատնած դավաճան Ավեից և սպանության կազմակերպիչ, քուրդ ցեղապետ Բշարե Խալիլից: Անդրանիկն ու Գևորգը փոխարինում են իրենց հայդուկապետին:

Անդրանիկ Օզանյանը հայդուկային շարժման պայծառ դեմքերից էր: Ծնվել է 1865 թ. Շապին Կարահիսար քաղաքում: Սկզբում կռվել է տարբեր խմբերում, ապա միացել Աղբյուր Սերոբին: 1901 թ. Գևորգի հետ նա ղեկավարել է Ս. Առաքելոց վանքի կռիվը, Սասունի 1904 թ. ապստամբությունը: Անդրանիկը ժողովրդական հերոսի համբավ է ձեռք բերել Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների ժամանակ: Հայտնի է հայդուկային կռիվների վերաբերյալ նրա հեղինակած «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը:

Հայդուկապետերի մեջ Գևորգ Չավուշը (ծնվել է 1870 թ. Սասունի Մկդենք գյուղում) տարիքով ամենաերիտասարդն էր: 24 տարեկանում նա արդեն ճանաչված ֆիդայի էր՝ Սասունի ապստամբության ղեկավարներից մեկը: Հայդուկային բազմաթիվ կռիվների մասնակցած Գևորգը քաջաբար զոհվել է 1907 թ. Մշո Սուլուխ գյուղի մոտ տեղի ունեցած անհավասար կռվում:

Վերոհիշյալ հայդուկապետերը համոզված էին, որ եթե անգամ իրենց անհատական–խմբային պայքարը դատապարտված է անհաջողության, միևնույնն է՝ կռիվը չպետք է դադարեցնել: Բայց շարժման մեջ կային նաև գործիչներ, ովքեր, անհեռանկար համարելով հայդուկային պայքարը, առաջարկում էին հրաժարվել անհատական վրիժառությունից, ցուցամոլական գործողություններից և ժողովրդին հանդարտ նախապատրաստել համընդհանուր ապստամբության: Այդպիսի գործիչներից էր սասունցի Հրայր Դժոխքը: Նրա համար կուսակցությունները միայն միջոց էին ազատագրության գործն առաջ տանելու համար։ Հրայրը, ի տարբերություն շատերի, հույսեր չէր կապում եվրոպական տերությունների օգնության հետ և խիստ կարևոր էր համարում սուլթանական վարչակարգի դեմ հայ–քրդական դաշինքի ստեղծումը: Հրայրը Սասունի 1904 թ. ապստամբության ղեկավարներից էր և որի ժամանակ էլ զոհվել է։

Անկասկած, հայդուկային պայքարը չէր կարող հանգեցնել Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Սակայն ֆիդայական կռիվները հաճախ ստիպում էին իշխանություններին մեղմել ժողովրդի հարստահարումը, հրաժարվել խաղաղ բնակչությանը կոտորելու քայլերից և ամենակարևորը՝ ժողովրդական լայն զանգվածներին մղում էին նոր պայքարի, հասունացնում համաժողովրդական ապստամբության գաղափարը: