Հայոց Մեծ եղեռնը։
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ
«Ցեղասպանություն» հասկացությունը: XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դեռ չկար «ցեղասպանություն» հասկացությունը: Կիրառվում էին «կոտորած», «ջարդ», «եղեռն» և այլ բառեր: Միայն 1948 թ. դեկրեմբերի 9–ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի` ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Այդ գործողություններից են` ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասgնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն:
Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը: Երիտթուրքերը շարունակեցին հայերի ոչնչացման աբդուլհամիդյան ծրագիրը: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը այդ ծրագիրը հաստատեց 1910–1911 թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: Որոշվել էր ոչնչացնել նաև հույներին, ասորիներին, իսկ ոչ թուրք մահմեդականներին` թուրքացնել:
Այսպիսով` արևմտահայերի ոչնչացման ծրագիրը պերականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը:
1914 թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն: Դրան հանձնարարվեց անմիջապես կազմակերպել և իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև, այսպես կոչված, «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող տարրերը: Եռյակի գործունեության հսկողությունը դրվեց ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի վրա:
Մեծ եղեռնը: Հայերի ոչնչացման թուրքական պետական ծրագիրն աշխարհամարտի առաջին երկու տարիներին գործադրվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ: Հայոց ցեղասպանության այդ փուլը համայն մարդկությանը հայտնի է Մեծ եղեռն անունով:
Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդությանը: Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ զորակոչվեց 18–45 տարեկան ավելի քան 300 հազար հայ: 1914 թ. վերջից սկսվեց նրանց ճնշող մեծամասնության զինաթափումը, տեղափոխումը թիկունք, այնուհետև` ոչնչացումը: Սարիղամիշի ճակատամարտից հետո արգելվեց նաև հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում, ծառայել ռուս–թուրքական ճակատում:
Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը:
Առաջին ձերբակալությունները տեղի ունեցան տակավին 1914 թ. հոկտեմբերին: Զեյթունում դաժանորեն խոշտանգվելով սպանվեց նշանավոր գործիչ Նազարեթ Չավուշը։
Հայ ղեկավար ուժերին ու մտավորականությանը գլխավոր և անսպասելի հարվածը հասցվեց հենց կայսրության մայրաքաղաքում: 1915 թ. ապրիլի 11–ին (նոր տոմարով՝ ապրիլի 24–ին) և հաջորդող մի քանի օրերին ԿոստանդնուՊոլսում ոստիկանությունը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, ձերբակալեց 2300–ից ավելի մարդ: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, երգահան Կոմիտասը, հայտնի գիտնականներ և մշակույթի այլ գործիչներ: Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվեց աքսորի ճանապարհին:
1915 թ. ապրիլի 15–ին կայսրության նահանգային պաշտոնյաներին ուղարկվեց երիտթուրք պարագլուխներ Թալեաթի, Էնվերի և Նազըմի գաղտնի հրամանը, որով հրահանգվում էր խստորեն գործադրել հայերի ոչնչացման ծրագիրը:
Կ. Պոլսի կենտրոնական հրապարակներից մեկում 1915 թ. հունիսի 15–ին կախաղան բարձրացվեցին Հնչակյան կուսակցության 20 գործիչներ՝ Փարամազի գլխավորությամբ:
Ապա սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը` համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր:
Հայ տարագիրները քշվեցին Միջագետքի և Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ, հատկապես՝ Դեր Զոր: Հայերի ցեղասպանությունը շարունակվեց նաև հաջորդ տարվա ընթացքում: Աքսորավայրերում ողջ մնացած 600 հազար հայ տարագիրների կեսը նույնպես ոչնչացվեց:
Այսպիսով` հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914 թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916 թ. ամառը։
Մեծ եղեռնի հետևանքները: Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություններից է:
Ցեղասպանությունն իրագործվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև թուրքական պետության բոլոր հայաբնակ վայրերում: Ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայերի հայրենազրկումը: Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս նահանգներում ապրող ավելի քան 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը դարձավ Մեծ եղեռնի զոհ:
Եղեռնից փրկված արևմտահայերի մեծ մասը սփռվեց աշխարհով մեկ: Նրանց մի մասը` մոտ 250 հազար մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, մնաց բուն երկրում և մահմեդականացվեց: Եղեռնից փրկվածներից մոտ 300 հազար մարդ ապաստան գտավ Արևելյան Հայաստանում և Այսրկովկասի տարբեր շրջաններում:
Այսպիսով՝ ցեղասպանության մյուս հետևանքը հայկական սփյուռքի ձևավորումն էր: Հարյուրհազարավոր հայեր ստիպված էին բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում:
Վիթխարի էր նաև հայ ժողովրդի նյութական կորուստը, ժամանակի դրամով հաշված` առնվազն 20 միլիարդ ֆրանկ ոսկի: Հայերի շարժական և անշարժ գույքն անցավ տեղական իշխանություններին կամ թալանվեց ու յուրացվեց թուրքերի և քրդերի կողմից:
Ոչնչացվեցին հայկական պատմամշակութային հազարավոր արժեքներ, քանի որ դրանք նյութական վկաներն էին մարդկության բնօրրաններից մեկում` Հայաստանում հազարամյակներ ապրած հայ ազգի: Հայկական հազարավոր եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին կամ կողոպտվեցին: Վերացվեցին 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ: Ոչնչացվեցին 20 հազարից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր:
Մինչ օրս Թուրքիան չի դատապարտել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Մեծ եղեռնից փրկված հայերի սերունդները և ընդհանրապես ամբողջ հայությունը շարունակում են պայքարել ոչ միայն ճանաչման, այլև արժանի հարուցման և ամբողջական հայրենիքի վերականգնման համազգային նպարակի համար։