Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1941–1945ԹԹ.)
Պատերազմի սկիզբը: Ուժերի համախմբումը
Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա: 1941թ. հունիսի 22–ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով միմյանց վրա չհարձակվելու 1939թ. կնքված պայմանագիրը, հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը: Գերմանիան վաղուց նախապատրաստվել էր պատերազմին և ստեղծել հզոր բանակ: Դեռևս 1939թ., սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, հիտլերյան Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան: Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետության: Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ ավարտել սեղմ ժամկետում, վերացնելով նրան որպես պետության:
Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարարության, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին: Սակայն պատերազմը սկսվելու պահին ԽՍՀՄ–ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և նրան երկրի սահմաններում կանգնեցնելու: Այդուհանդերձ` անհրաժեշտ է նշել Ի. Ստալինի դրական դերը Հայրենական պատերազմում: Նա էր գլխավորում խորհրդային պետությունը երկրի պատմության ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում: Ի. Ստալինը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարն էր, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Նրա ձեռքում կենտրոնացվել էր ահեղ թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը:
Ռազմաքաղաքական և դիվանագիտական հաղթանակ էր, որ ԽՍՀՄ–ը միայնակ չմնաց ֆաշիզմի դեմ մղվող պայքարում: ԱՄՆ–ը, Անգլիան, Ֆրանսիան և այլ պետություններ համագործակցեցին ԽՍՀՄ-ի հետ` ֆաշիզմի դեմ համատեղ պայքարելու համար: Ձևավորվեց դաշնակից երկրների հակաֆաշիստական խմբավորումը:
Հայաստանը ֆաշիստական պլաններում։ Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը, զավթելուց հետո, բաժանվելու էր մի քանի մասերի: Դրանցից մեկը կրում էր «Կովկաս» անունը` Թբիլիսի կենտրոնով և իր կազմում «Հայաստանի կոմիսարիատով»:
Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչների, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար: Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (նախագահությամբ` Արտաշես Աբեղյանի),
որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցած: Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրելով ֆաշիստական Գերմանիայի հետ, փաստորեն օգնում էր նրան: Նա իր սահմանում կենտրոնացրել էր 26 դիվիզիա` սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար: Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում: Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ 1943թ. սկիզբ) ելքին: Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը:
Տնտեսության վերակառուցումը` ըստ պատերազմական պահանջների։ Հայ ժողովուրդը ինչպես թիկունքում, այնպես էլ ռազմաճակատում գործեց հերոսաբար:
Առաջնահերթ խնդիր էր տնտեսության վերակառուցումը պատերազմի պահանջներին համապատասխան: Պատերազմի ընթացքում Հայաստանը երկրին մատակարարում էր կաուչուկ, որի արտադրությունն ավելացավ 5 անգամ, պղինձ, կարբիդ և ռազմական կարիքների համար անհրաժեշտ այլ արտադրատեսակներ: Յուրացվեց զենքի ու զինամթերքի որոշ տեսակների արտադրությունը, ինչպես՝ ականանետ, հրացաններ, նռնակներ, ականներ, պայթուցիկ նյութեր: Երևան էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում դրանց մասեր: Արդյունաբերության մյուս ճյուղերը ևս սպասարկում էին բանակին: Կառուցվեցին ավտոդողերի, ծծմբաթթվի և այլ գործարաններ: Մեծ լարումով էր աշխատում երկաթուղային տրանսպորտը՝ ռազմաճակատ հասցնելով ամենատարբեր բեռներ:
Ռազմաճակատ մեկնած գյուղի աշխատավորներին փոխարինեցին կանայք, տարեցները, նաև շատ անչափահասներ: Ըստ պատերազմի պահանջների` իր գործունեությունը վերակառուցեց Հայաստանի մտավորականությունը: Գիտության զարգացմանը մեծապես նպաստեց ահեղ պատերազմի ժամանակ՝ 1943թ. Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմակերպումը:
Թշնամու դեմ պայքարի կազմակերպմանն ակտիվորեն մասնակցեց նաև Հայոց եկեղեցին՝ թե՛ հոգևոր-բարոյական, թե՛ նյութական միջոցներով: Ընդ որում, պատերազմական պայմանների բերումով փոխվեց խորհրդային իշխանության վերաբերմունքը Հայ եկեղեցու նկատմամբ, դարձավ մեղմ ու հանդուրժող: Ավելին` 1945թ. ապրիլի 19-ին ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որն առաջադրեց լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն:
Հայ ժողովրդի զավակները ռազմի դաշտում
Հայկական դիվիզիաների կազմակերպումը և նրանց մարտական ուղին։ Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները` միութենական մյուս հանրապետություններից: 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար: Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ–ին դաշնակից երկրների բանակներում: Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել է 600 հազար հայ:
Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում: Առաջինը 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.: 1941–1942թթ. կազմավորվեցին 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները:
Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան: Նա 1942թ. Ղրիմի Կերչի թերակղզում ունեցավ ծանր կորուստներ: Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը: 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում: Գործած սխրանքների համար վերակոչվեց 81-րդ գվարդիական դիվիզիա: Հիրավի փառավոր էր 89-րդ «Թամանյան» (շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտական ուղին, որն սկսվել էր Հյուսիսային Կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում: Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր: Դիվիզիայի հրամանատարն էր գեներալ Նվեր Սաֆարյանը: Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները, գեներալները, Խորհրդային Միության հետ րոսները, հայտնի ու անհայտ հազարավոր զինվորներ:
Պատերազմի ժամանակ Հովհաննես Իսակովը (Տեր–Իսահակյան) ծովակալ, ապա նավատորմի ծովակալ էր, իսկ հետագայում` Խորհրդային Միության նավատորմի ծովակալ: Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) ավիացիայի մարշալ էր: Հետպատերազմյան շրջանում Խորհրդային Միության մարշալի կոչում շնորհվեց Հովհաննես Բաղրամյանին, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում՝ Համազասպ Բաբաջանյանին, ինժեներական զորքերի մարշալի կոչում` Սերգեյ Ագանովին (Ագանյան): Պատերազմի ընթացքում նրանք գրավել են բարձր պաշտոններ և ակտիվորեն մասնակցել խոշոր ռազմական գործողությունների: Նրանցից Հովհ. Բաղրամյանը հասավ մինչև ռազմաճակատի հրամանատարի պաշտոնի: Նրա ղեկավարած զորքերը մասնակցել են կռիվներին պատերազմի ամբողջ ընթացքում, այդ թվում` Մոսկվայի ու Կուրսկի–Օրյոլի ճակատամարտերին, Բելոռուսիայի ազատագրմանը, որպես Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի հրամանատար իրականացրել է գերմանական խոշոր ռազմական խմբավորման շրջափակումը և վերացումը:
Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հրամանատարներ՝ գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի:
Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ: Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում:
Պատերազմին հայ ժողովրդի զավակների գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները. հայերը իրենց թվով 4–րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում՝ Խորհրդային Միության հերոսների ցանկում: Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը: Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոն (Հովհաննես Բաղրամյան), 3–ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28–ը` դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատարներ էին:
Պարրիզանական պայքարի շարքերում: Խորհրդային պարտիզանների շարքերում քիչ չէին նաև հայ ժողովրդի զավակները: Հայ պարտիզանների հիմնական զանգվածը կազմում էին ռազմագերիները և թշնամու ռազմակալած տարածքների (Ղրիմ, Հյուսիսային Կովկաս) հայկական բնակավայրերի բնակչությունը: Հայ ռազմագերիները պարտիզանության են դիմել երկու ճանապարհով` փախուստով համակենտրոնացման ճամբարներից և հայկական լեգեոնից:
Պատերազմի սկզբնական շրջանում խորհրդային բանակը նահանջում էր՝ տալով մեծ կորուստներ, այդ թվում և գերիներ: Գերմանական հրամանատարությունը խորհրդային ռազմագերիներից կազմակերպեց ազգային լեգեոններ՝ ռազմաճակատ ուղարկելու և այլ նպատակներով օգտագործելու համար: 1942թ. կազմակերպվեց նաև 12 գումարտակից բաղկացած հայկական լեգեոնը: Այդ գործին մասնակից դարձան մի խումբ հայ ազգային գործիչներ (Դրո, Արտաշես Աբեղյան, Գարեգին Նժդեհ և ուրիշներ): Լեգեոնի միջոցով նրանք ձգտում էին ֆաշիստական հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմն ավարտվեր Գերմանիայի հաղթանակով:
Թշնամու թիկունքում գործել են «Հաղթանակ», Միկոյանի անվան, 10–րդ, 41-րդ, «Կարմիր աստղ» պարտիզանական ջոկատները, որոնց անձնակազմերը բաղկացած էին հայերից:
Շատ հայ մարտիկների և հրամանատարների վիճակվեց կռվել Եվրոպայի պարտիզանական–դիմադրական շարժման մասնակիցների շարքերում: Նրանք մեծ թիվ էին կազմում հատկապես Ֆրանսիայում:
Պատերազմի ավարրը: 1945թ. մայիսին Բեռլինի ճակատամարտում խորհրդային բանակի տարած հաղթանակով վերջացավ Հայրենական մեծ պատերազմը: Մայիսի ինը դարձավ խորհրդային ժողովուրդների տարած պատմական մեծ հաղթանակի տոնական օրը: 1945թ. սեպտեմբերին Ճապոնիան, որի դեմ ԽՍՀՄ–ը ևս մտավ պատերազմի մեջ, նույնպես անձնատուր եղավ: Ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը դաշնակից երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հաղթանակով, որում վճռական էր ԽՍՀՄ-ի դերը:
Նման նպաստավոր ռազմաքաղաքական պայմաններում ԽՍՀՄ–ի բարձրագույն ղեկավարության մեջ բարձրացավ անցյալում Թուրքիայի զավթած հայկական տարածքների ազատագրման հարցը: Այդ նպատակով Թուրքիայի ուղղությամբ կենտրոնացվեցին համապատասխան ռազմական ուժեր, նույնիսկ կազմվել էին ազատագրվող տարածքների իշխանության մարմինները: 1945թ. ապրիլին Խորհրդային Միության արտգործժողկոմատի պահանջով Հայաստանի արտգործժողկոմատը պատրաստել և ներկայացրել էր զեկուցագիր` 1921թ. մարտի 16–ի պայմանագրով և մինչև այդ Թուրքիային անցած հայկական տարածքների, ինչպես նաև սփյուռքահայերի հայրենադարձության հնարավորությունների մասին:
Սակայն մինչև գործի ձեռնարկումը իրադրությունը կտրուկ փոխվեց՝ տեղի ունեցավ ԱՄՆ–ի կողմից ճապոնական քաղաքների ատոմային ռմբահարումը (1945թ. օգոստոս), և Ստալինը հայտարարեց. «Ստամբուլի վրա արշավանքը չկայացնել մինչև ավելի լավ ժամանակներ»: Մինչդեռ հետագա ժամանակները Հայկական հարցի լուծման համար դարձան ավելի աննպաստ: