Հովհ․ Թումանյան «Թմկաբերդի առումը»

V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――
Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել․
Լինիս շքե՜ղ թագուհի…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։
Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։
Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

Առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էր թափառական աշուղը գնացել Թմկա տիրուհու մոտ:

Թափառական աշուղը գնացել էր Թմկա տիրուհու մոտ, որ գովի շահի փառքն ու հարստությունը և համոզի դառնալ շահի թագուհին։

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Երկրակալ-երկիր+ա+կալ

մըտախո՜հ-միտք+ա+խոհ

  1. Նարնջագույն բառերի բացատրությունը բառարանի միջոցով գտեք, սովորեք:

թովիչ-գրավիչ

ղոնաղ-հյուր

սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք

մատաղ-պատանի

տկար-թույլ

դալուկ-գունատ

հորդորում-հորդորել

հանապազ-միշտ

գոռ-աղմուկ

մրափում-մրափ

  1. Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է տիրուհին հարբացնում զորքին:

Տիրուհին հարբեցնում էր զորքին, որպեսզի աննկատ անցնի նրանց մեջով և բացի բերդի դարպասները թշնամու առաջ։

Leave a Reply