Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը։

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II–Ի ՕՐՈՔ

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II–ը (Ք. ա. 55–34 թթ.)։ Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II–ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II–ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց:

Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II–ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:

Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք. ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես II–ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ–պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար` Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II–ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:

Անտոնիոսը 100–հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II–ի վրա։ Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II–ը (Ք. ա. 30–20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II–ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային` դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II–ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ: