Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր։

ՊԱՅՔԱՐ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ: ՏԻՐԱՆ, ԱՐՇԱԿ II, ՊԱՊ

Տիրանի Գահակալությունը:

Տիրանի գահակալությունն ընթացավ(338–350 թթ.) բարդ քաղաքական պայմաններում: Արքան ձգտում էր Մեծ Հայքի թագավորությունը զերծ պահելու Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև ընթացող պայքարի մեջ ներքաշվելուց: Տիրանի մի որդուն` Տրդատին, և նրա զավակներին` Գնելին ու Տիրիթին, հռոմեական կայսրը պատանդ էր պահում կայսրությունում:

Տիրանը խնդիրներ ուներ նաև երկրի ներսում` Հուսիկ կաթողիկոսի և նախարարների մի խմբավորման հետ: Օգտվելով Տիրանի համար ստեղծված բարդ իրավիճակից` Հայաստան եկած Ատրպատականի մարզպանը դավադրաբար ձերբակալում է նրան, ածուխով աչքերը դաղում ու տանում պարսից Շապուհ արքայի մոտ: Պարսիկները ցանկանում էին, որ Տիրանը չգործի իրենց թշնամի հռոմեացիների կողմից: Որոշ ժամանակ անց պարսից արքան ազատ է արձակում հայոց թագավորին: Այդ ժամանակ Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի մյուս որդուն` Արշակ II–ին:

Արշակ II–ի քաղաքականությունը:

Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ հայ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չընկճվեց: Նրա խորհրդով Ներսես Ա կաթողիկոսը միջնորդեց, որ Գնելն ու Տիրիթը վերադառնան Հայաստան:

Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը: Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ: Սակայն վերջինիս սպանությունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկվում: Այդ դեպքերից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ Պապը:

354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում գթասիրտ լինելու իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Առաջին ժողովի որոշումների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ:

Արշակ II–ը որոշում է Կոգովիտում հիմնել Արշակավան քաղաքը։ Երկրում լարվածությունը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը:

359 թ. վերսկսված հռոմեա–պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II–ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շապուհը թշնամանում է Արշակի հետ։

Հայոց արքան, վերադառնալով հայրենիք, ընդունում է Արևելք եկած հռոմեական կայսեր հրավերը և նրա հետ հանդիպում է Մաժակում: Հայ– հռոմեական վերականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ: Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են:

Պարսկա–հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Նոր գահակալած կայսեր ու Շապուհ II արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտություն: Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնել հայերին: IV դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոսն այդ պայմանագիրն անվանել է «ամոթալի»:

Հայկական զորքերի հաղթանակները։ Այս ժամանակաշրջանից սկսվում են սասանյան զորքերի ներխուժումները Մեծ Հայքի տարածք: Գանձակ (Շահաստան) քաղաքում սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Հայոց զորքը 363 թ. ջախջախում է Շապուհի ուղարկած ուժերին: Հաջորդ տարի Հայաստան ներխուժած պարսից զորքերը նոր պարտություններ են կրում հայոց բանակից:

Շապուհը, պարտվելով Վասակից, դիմում է խորամանկ քայլի: Նա Մերուժան Արծրունուն առաջարկում է աջակցել իրեն: Վերջինս, հավատալով հայոց գահն իրեն տալու Շապուհի խոստմանը, ուրանում է քրիստոնեությունը և զրադաշտություն է ընդունում։

Հերթական ներխուժման ընթացքում պարսից մեծաքանակ զորքն ուժեղ

Երկարատև պաշարման հետևանքով սկսված համաճարակը, սովը և անընդմեջ կռիվները հյուծում են Արտագերսի պաշտպաններին: Պարսիկ զավթիչները, ներխուժելով ամրոց, ոչնչացնում են ողջ մնացածներին, իսկ Փառանձեմին խոշտանգելով սպանում են:

Այդ ընթացքում Մերուժան Արծրունին և նրան միացած Վահան Մամիկոնյանն ավերածություններ էին գործում, ատրուշաններ կառուցում և ժողովրդին բռնի կերպով պարտադրում մազդեզական կրոնը: Ուրացյալ Վահանին սպանում է նրա որդին` Սամվել Մամիկոնյանը: Հետագայում Րաֆֆին այս դեպքերի գեղարվեստական նկարագրությունը տվել է «Սամվել» պատմավեպում:

Պապ թագավոր: Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370–374 թթ.)։ Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները` Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում` Մեծ Հայքի և Վիրքի միջև` Կուր գետով: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, զարգանում է տնտեսությունը:

Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի ու իր հոր` Վասակ սպարապետի վրեժը: Այսպես՝ 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը: Պարսից հրամանատարներից շատերը ձերբակալվում են և Սուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Նրանց մորթազերծ են անում, ինչպես որ Վասակ սպարապետի հետ էին վարվել:

Մուշեղի ձեռքն են ընկնում նաև պարսից արքայական գանձարանը և կանայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում։ Հայոց թագավորը դրա համար հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մոր դահճի` Շապուհի նկատմամբ:

371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետ միավորված, բանակ էին դրել Ձիրավի դաշտում, որը Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում էր: Հայոց ավելի քան 90–հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետևելու ճակատամարտին։ Կաթողիկոսի բարեխոսությամբ Պապի զայրույթը փարատվում է Մուշեղի նկատմամբ:

Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից: Հաղթանակը կատարյալ էր: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում, և ասպեր Սմբատ Բագրարունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է կատարել պետական և զինվորական ծառայություն: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է։

Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 374 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Հռոմեացի պատմիչ Ամմիանոսը խստորեն դատապարտել է Հռոմի այդ նենգ քայլը:

Պապին հաջորդում է նրա ազգականը` Վարազդատը (374 378 թթ.): Նա հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող: Վարազդատը երիտասարդ էր և Մեծ Հայքի թագավորության պաշտպանության և կառավարման գործն իրականացնում էր Մուշեղ սպարապետի խորհուրդներով:

Նրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Սամիկոնյանն էր։