Փոքր Մհեր Մաս Բ Մաս 2

2

Հոր գերեզմանեն ձեն էկավ, ասաց.

«Ո՛րդի, վի՞նչըխ անեմ*,
Ո՛րդի, վի՞նչըխ անեմ,
Գույն, կերպ թափե էրեսես,
Լուս կտրվե աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վերաս։
Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս…
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարք քոնն է»։

Էնքան էլաց, էլ ձեն չէլավ հոր գերեզմանեն,
Էդ մեկ խոսք էլավ։
Մհեր գնաց, հասավ Ոստանա կապան.
Որ հասավ Ոստանա կապան,

Էնտեղեն,— մեկ իշխան կար,
Կապ էթալ, զՄհեր կապեց։
Մհեր ձիով ընկավ կապ, ասաց.
«Հիշա իմ հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բարձր Աստվածածին»։
Ասաց, էզար, կտրեց ըզկապ,
Ազատեց Քուռկիկ Ջալալին։

Դարձավ աստծուց խնդրեց՝
Որ կամ կռիվ մի տա իրեն,
Կամ իրեն ամանաթ առնի։

Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամփեց
Հետ Մհերին կռվելու։
Կես օրվնե չուր իրիկուն կռվան,
Մհեր Թուր Կեծակին կը թալեր,
Հրեշտակներուն չէր բռնի.
Ձիու ոտ չէր դադրի վեր հողին,
Որ զոտքեր կը թալեր՝ կ’էրթար մեջ հողին.
Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց. «Հա՜յ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակ չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։
Զձին առավ, քաշեց էկավ,
Հասավ Վանա մոտ սարի մի տակ։
Մեկ քար մի պատահավ էդոր։
Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։
Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
Որ իմացավ Մհերի փակվել։

ՎԵՐՋԵՐԳ

Կ’ասեն` տարին էրկու անգամ
Էդ քար իրարուց կը բացվի.
Մեկ անգամ Վարդևորին,
Մեկ անգամ՝ Համբարձման։
Որ քար կը բացվի, Մհեր՝
Քառսուն ավուր ճամփա մեկ ժամվա կ’էրթա.
Քառսուն օր վեր քարերին կ’էրթա,
Ինչ հողի վերան ընկնի՝ ձին կը խանդկի,
Չը կարնա քելի, ետ կը դառնա։
Կ’ասեն՝ մեկ Համբարձման գիշեր
Հովիվ կ’էրթա էդ քարի առաջ,
Մհերի քար իրարուց կը բացվի,
Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝
Հսկա մարդ մի էդտեղ նստած.
Հովիվ կը հարցու.
— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։
Մհեր կը դառնա՝ կ’ասի.
— Ես որ էլնեմ էստեղեն,
Հողն ինձ չի պահի։
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխրքին ես չեմ մնա։
— Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։
Հովիվ որ դուրս կ’էլնի,
Քար կը գա, կը հասնի իրարու։

Ուրբաթե ուրբաթ,— կ’ասեն,—
Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
Կ’ասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
Կը լսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

Առաջադրանքներ․

    1. Ընտանիքիդ անդամների հետ ձայնագրիր  կամ պատրաստիր տեսանյութ՝ կարդալով քեզ ամենից դուր եկած հատվածը։ (մոտավորապես 2-3 րոպե)։

 

  1. Ըստ քեզ՝ Մհերը ե՞րբ դուրս կգա Ագռավաքարից։ Ի՞նչ կլինի, երբ նա դուրս գա (մտքերդ բարձրաձայն արտահայտիր ձայնագրության կամ տեսագրության մեջ)։

 

Leave a Reply