Համո Սահյան«Ժայռից մասուր է կաթում»

  • Մայրենի

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Leave a Reply