Սիրտ

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: