Փոքր Մհեր Մաս Բ Մաս 1

ՄԱՍՆ Բ
ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ՎԵՐՋԸ

1

Մեկ ժամանակ վրա անցավ,
Մհեր ասաց.— Հրողթեր,
Տ’էրթամ աշխարհ ման գալու,
Ես չեմ կարնա էստեղ նստի,
Ոչ ժառանգ կա ինձի, ոչ մահ ունիմ։

Էլավ, առավ Թուր Կեծակին,
Հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց։
Շատ գնաց, քիչ գնաց,
Տեսավ ճամփեն ընկեր է անտառի մեջ.
Ծառներ չեն թողնի ինք էրթա։
Ջարդեց զծառներ, անցավ առաջ։
Գնաց, գնաց, չուր առավոտ.
Դեմ ընկավ մեկ մեծ քարափի։
Մհեր չէր ուզի ետ դառնա,
Ամա քարափ կտրեր էր էնոր ճամփան։
Մեկ էլ տեսավ աղվես մի էնտեղով փախավ,
Մհեր գնաց էնոր ետևեն,
Էլավ քարափի գլուխ։
Իրիշկեց, թագավորական քաղաք մի.
Ճամփան էտու առաջ ու գնաց…

Մհերն էր, շատ գնաց, քիչ գնաց,
Մոտեցավ Պաճիկ թագավորի քաղաքին։
Ձիուց իջավ տակ, վրան զարկեց։
Խաբար տարան Պաճիկ թագավորին,
Թե՝ Սասունա Մհեր էկե,
Քո քաղաքի մոտ վրան զարկե։
Պաճիկ թագավորն էլ առավ իր վազիր, վաքիլ,
Առավ իր սինոդներ,
Էկավ Մհերի առաջ, ասաց.
— Էն ժամանակ, ինչ քո հեր
Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
Ես ու քո հեր ուխտ ենք արե։
Թե.— Ի՞նչ ուխտ եք արե։
Ասաց.— Ուխտ ենք արե քո հոր հետ,
Որ ինձի աղջիկ ըլնի, քեզի տղա,
Իմ աղջիկ տամ քո տղին.
Որ քեզի աղջիկ էղավ, ինձի տղա,
Քո աղջիկ տաս իմ տղին։
Հիմի աստված քեզ քո հորն է տվե,
Ինձի էլ աստված աղջիկ է տվե.
Տեսնենք՝ դու կառնե՞ս իմ աղջիկ։
Ասաց.— Որ աղջկան հավնա, կ’առնեմ.
Թե չը հավնա, չեմ առնի։
Էլան գնացին աղջկա մոտ.
Էնոր անունն էլ Գոհար խանում էր։
Մհեր որ տեսավ, հավնավ.
Աղջիկն էլ տղին հավնավ։

Լուս որ բացվավ, Գոհար հագավ սև շոր,
Զենքեր կապեց վեր իրեն,
Էլավ, էկավ դեհ Մհեր։
Էկավէ Էնոր վրանի դուռ կտրեց,
Ասաց.—Դավթի տղա Մհեր դո՞ւն ես։
Մհեր ասաց.— Հա՛, ես եմ։
— Իմ քուր Գոհար որ էկեր ես կ’առնես, դո՞ւն ես։
Մհեր ասաց.— Հա՛, ես եմ։
— Դ’էլի, արի քեզի պայման մի կտրեմ։
Թե դու տարար, ասաց,
Իմ քուր Գոհար կը տամ քեզի,
Առավոտուն կ’առնես, կ’էրթաս.
Թե ես տարա քեզի,
Ես քո գլուխ կը կտրեմ։
Ասաց.— Ի՞նչ է քո պայման։
Ասաց.— Քո մատնիք դնենք, զարկենք,
Նետ-աղեղ միջեն անցունք։
Ով որ չը կարցավ, էն տարված է։—
Մհերի մատնիք պստիկ մատնիք չէր, որ չ’անցներ։
Բերին, դրին մեջտեղ։
Առաջ Գոհար զարկեց։
Նետ էնպես անցուց,
Մատնիք իսկի չը խըլվլաց։
Էս անգամ հերթ էկավ Մհերին։
Մհեր որ զարկելու արեց,
Գոհար էկավ, կայնավ էնոր առաջ։
Մհեր աչքեց Գոհարի էրես,
Գոհար էնպես խորոտ էր,
Աչք մնաց էնոր էրես.
Նետ էզար, մատնիք թռուց.
Չը կարցավ միջեն անցուցեր։
Գոհար գուրզ քաշեց, ասաց.
— Խոսք խոսք է, ըզքո գլուխ տի զարկեմ։
Մհեր վերուց, ասաց.
— Չէ՛, դու իմ աչք խաբիր.
Դու կայնար իմ առաջ,
Որ աչքեցի քո էրես,
Իմ նետ դիպավ մատնիքին։
Բերեց, մեկ էլ էդիր, ասաց.
— Մհե՛ր, էս անգամ անցուցիր,

Իմ խոսք խոսք է,
Իմ քուր Գոհար կը տամ քեզի.
Չանցուցիր, քո գլուխ տի զարկեմ։
Դրեցին. Մհեր նշնեց, զարկեց,
Մատնիքի միջեն անցուց իր նետ։
Գոհար էդտեղ ասաց.
— Դու արժան ես՝ Գոհարի մարդն ըլնիս,
Համա էլի կ’ասեմ՝ տե՜ս, արև չը զարնի։
Գնաց մեկ վրան էլ ղրկեց, ասաց.
— Զարկեք Մհերի ոտներին։
Մհեր գլխի ընկավ,
Որ էն թագավորի տղան չէր,
Աղջիկն էր, ինք Գոհարն էր։
Մնաց քանի մի օր՝
Բերին Գոհարին ու Մհերին պսակեցին.
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին,
Կերան, խմեցին, ուրախացան։

Առաջադրանք։

Ընտանիքիդ անդամների հետ ձայնագրիր  կամ պատրաստիր տեսանյութ՝ կարդալով քեզ ամենից դուր եկած հատվածը։ (մոտավորապես 2-3 րոպե)։

Leave a Reply