Արտիստ մաս 6

Իմ հարևան արտիստները հենց մեծ պասի առաջին օրն ուղևորվեցին իրենց հայրենիքը: Այդ օրը տխուր էր ոչ միայն Լևոնի, այլև ինձ համար, այնքան արդեն վարժվել էի հարևաններիս շրջանին:

Մենք մինչև կայարան ուղեկցեցինք իտալացիներին: Հրաժեշտ տալիս` Կավալլարոն երեք անգամ բարեկամաբար համբուրվեց Լևոնի հետ…

Հենց նույն օրը Լուիզան ինձ ասաց, թե ինքն էլ ամենաուշը մի ամսից ուղևորվելու է Իտալիա: Հարցը վճռված էր. սինյորա Ստեֆանիան վաղուց էր հաշտվել աղջկանից բաժանվելու մտքի հետ:

Երբ հայտնեցի Լևոնին Լուիզայի ուղևորության մոտալուտ ժամանակը, ինձ այնպես թվաց, որ լուրը նրա վրա առանձին տպավորություն չգործեց: Գուցե այդ նրանից էր, որ նույն օրերը նա առհասարակ շատ տխուր էր տրամադրված: Մեծ պասի առաջին շաբաթն էր, թատրոնները փակ էին: Լևոնն ամեն օր գնում էր քաղաքային թատրոնի շուրջը գտնվող գեղեցիկ պարտեզը, նստում այնտեղ ու նայում հսկայական շինությանը: Հետո գլուխը կրծքին թեքած, ով գիտե ինչ խորհրդածությունների մեջ, վերադառնում էր տուն:

Նա նորոգել էր տվել մոր ձեռքով լուսամուտից փողոց շպրտված կիթառը, նվագում էր: Երբեմն գալիս էր ինձ մոտ և իմ առաջարկությամբ մանդոլինա նվագում: Մի անգամ թախանձեցի նրան կրկնել “Մադրիդի շրջմոլիկը”. մերժեց:

Օպերային փոխարինեց դրաման: Մեծ պասի առաջին կիրակուց սկսվեցին ներկայացումները:

Լևոնը մտավ յուր դերի մեջ, բայց ոչ նախկին սիրով, դրաման օպերայի չափ չէր սիրում, մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժեր: Սակայն պատանուն պաշարել էր մի ուրիշ տեսակ աշխույժ, որ ինձ անհանգստացնում էր: Նա ամեն օր գալիս էր ինձ մոտ, վերցնում մանդոլինան, նստում լուսամուտի մոտ, նվագում Մադրիդի շրջմոլիկը: Երբեմն հանկարծ ընդհատում էր նվագը, մանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա ու դուրս վազում: Նա գնում էր Լուիզայի մոտ, նստում և երկար ու երկար հարցուփորձ անում առաջիկա ճամփորդության մասին: Եվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրա հարցերից, որովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին:

—  Գիտե՞ք, — դարձավ ինձ մի անգամ Ռաիսան, — նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա: Այո, կարող եմ երդվել, որ սիրահարված է:

— Զգույշ եղեք օրիորդ, — ասացի ես, — Լևոնը կլսի ու կվշտանա:

Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցա` միգուցե որդին ենթարկվի հոր վիճակին: Բայց բարեբախտաբար, Լուիզայի շրջապատողներն ավելի խելացի էին, քան այն երգչուհու շրջանը, որի վրա սիրահարված էր եղել վարսավիրը: Ռաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսել Լևոնի նվիրական զգացմունքների մասին… Հասավ վերջապես, օրիորդի ուղևորության օրը:

Մի շաբաթ էր, Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում:

Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան, ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.

Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է:

—   Նա նվիրել է ձեզ այդ գրիչը, որ նամակներ գրեք իրեն, — ասացի ես:

—  Այո, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան ետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լինի:

Գնացքն ուղևորվում էր առավոտյան տասը ժամին: Մենք սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի, Լևոնն ամենից առաջ եկած կլիներ այնտեղ: Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ: Այս անսպասելի էր. ի՞նչ կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:

Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել: Երգիչն ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարել նրա առաջին քայլերը:

—  Նա շատ ազնիվ մարդ է, — ավելացրեց տանտիրուհիս ուրախ-ուրախ, — հարազատ եղբոր պես կնայի Լուիզային: Ես աղջկանս բաց չէի թողնիլ, եթե չլիներ Կավալլարոն…

—  Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսել, որչափ այդ օրը, չնայելով, որ մինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառով: Մի վայրկյան անգամ չէր հանգստանում, թռչկոտում էր ինչպես յոթ տարեկան աղջիկ, քրքջում էր, հրճվում յուր ճամփորդությամբ: Ամենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանում առանձին-առանձին նամակ գրել: Նա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով և այդ հույսերը չէր թաքցնում մեզանից: Մի երկու տարուց հետո նա կվերադառնա մշակված, կատարելագործված ձայնով, կսկսի երգել օպերայում: Տեսեք, ինչպիսի՞ հաջողություն կունենա, որքան երկրպագուներ:

—  “Իսկ նա՞, — անցավ մտքովս ակամա, նրա մասին չե՞ս մտածում”:

—  Բայց ուր է Լևոնը, — հարցրեց Լուիզան հանկարծ, կարծես գուշակելով իմ միտքը, — ահ իմացա, ինչու համար է ուշանում: Ռիշելիեի փողոցով անցնելիս տեսա նրան ծաղկավաճառի խանութում: Այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ… Ահա նա, գալիս է…Տեսեք` ինչ է բերում, չէ՞ի ասում… Անուղղելի է…

Ճեղքելով կայարանի ամբոխը, Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքին: Շատ վազելուց քրտնել էր ու սաստիկ հևում էր:

Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց:

Արդեն լավ ճանաչելով նրան, ես վախեցա միայն մի բանից` Լուիզայի հանդիմանությունից:

Եթե օրիորդն ամենաթեթև ակնարկն անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չի համապատասխանում Լևոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան: Բայց նա նրբազգաց գտնվեց, իսկույն ըմբռնեց Լևոնի հոգեբանությունը և այնպես հայտնեց յուր շնորհակալությունը, այնպես ժպտաց, հոտ քաշելով փնջից, այնպես գովեց նվերը, որ պատանու այտերը կարմրեցին ներքին հաճույքից:

Այդչափ սրտագետ չգտնվեց Ռաիսան, նա հարցրեց Լուիզային.

-Կավալլարոն քեզ դիմավորելո՞ւ է Միլանում:

-Այո, — պատասխանեց սինյորա Ստեֆանիան:

— Մի՞թե նա այնտեղ է, — հարցրեց Լևոնը հուզված, դողդոջուն ձայնով:

— Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար, — պատասխանեց սինյորա Ստեֆանիան մի առանձին հաճույքով:

Այն հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբար չքացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին:

Բայց Լևոնը գիտեր զսպել իրան չափահաս տղամարդի պես: Նա ասաց.

— Այդ լավ է: Սինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային:

Երկրորդ զանգի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալ: Նա արավ ավելի, քան կարելի էր սպասել նույնիսկ յուր նման մի բարի, հասարակ և պարզասիրտ օրիորդից, որ վարակված չէր նախապաշարումներով:

Ազատվելով մոր գրկից, ամենից առաջ Լևոնի ձեռն առավ և…համբուրվեց նրա հետ պարզ ընկերական կերպով: Հետո, շտապ-շտապ սեղմելով մեր ձեռները, փունջը ձեռին բարձրացավ կառախումբ:

Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին, և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբար բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից…

Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից: Նա օդային համբույրներ էր ուղարկում մեզ: Մի քանի րոպե ևս և լսվեց երրորդ զանգը, ու կառախումբը կամացուկ շարժվեց, այնպես անաղմուկ, որ կարծես նավ էր լողում: Այն ժամանակ միայն Լևոնը սթափվեց և գլխարկը բարձրացնելով, գոչեց իտալերեն.

-Բարի ճանապարհ… Ցտեսություն… Շուտով…

Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշով: Ճանապարհին Լևոնը մի բառ անգամ չարտասանեց: Լուռ էի և ես, չէի կամենում ընդհատել նրա մտքերի թելը: Թե նա տանջվում էր` այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ է Լուիզայի համբույրով` այս էլ երևում էր:

Բայց թե ի՞նչ էր մտածում` այս չիմացա. երևում էր միայն, որ նրան զբաղեցնողը սովորական մի միտք չէ…

Ես հրավիրեցի նրան սենյակս: Ինչ-որ պատճառով հրաժարվեց գալ:

Արագ-արագ բարձրանալով վերև, չքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ:

Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ, ես նրան չտեսա:

Ինքը չէր գալիս սենյակ, իսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում:

—  Ուշ գիշերին տուն է գալիս, երբ ես քնած եմ, առավոտը գնում է, երբ քնած եմ: Բայց լավ որդի է, ամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմություն… անիծվի նա…

— Տիկին, — գոչեցի ես բարկացած, բոլորովին համբերությունից դուրս գալով այրու անվերջ անեծքներից, — նա ձեր ծախքը տալիս է, հերիք է, էլ ի՞նչ եք ուզում…

Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հեռու դրեց: Երևի, շատ էի բարկացած, և նա չէր սպասում իմ կողմից այդչափ կոպտություն: Ես զղջացի, ինչ և լիներ, նա դժբախտ էր, գոնե այդպես էր համարում իրեն:

— Հետաքրքրվե՞լ եք, արդյոք, ուր է գնում ամեն օր, — հարցրի ես, ձայնս մեղմացնելով:

—  Շատ էլ հետաքրքրվում եմ, որ չի ասո՞ւմ: Կիթառն էլ ամեն օր հետը տանում է: Բայց ես կիմանամ` ուր է գնում, կիմանամ, չեմ թողնի, որ կորչի հոր պես…

Զարամանալին այն էր, որ թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում Լևոնին: Ես կատարելապես տխրում էի առանց նրան, մանավանդ որ սինյորա Ստեֆանիայի սեղանատունը զրկվել էր իր հրապույրից: Այնտեղ այլևս չէին հիշում Լուիզայի մետաղային ձայնն ու վարակիչ ծիծաղը: Սինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելու հենց երկրորդ օրը դաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութ, ուսկից վերցրած էր ամսավարձով:

Չկար ոչ նվագող, ոչ երգող, ոչ ծիծաղող: Ռաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղված էին իրանց մտերմությամբ: Ավարտելով ճաշը, նրանք շտապում էին հեռանալ իրենց սենյակները:

Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարան, եթե չվնասեի սինյորա Ստեֆանիայի դրությունը: Նրա սենյակների մեծ մասը դատարկ էր, եթե ես էլ գնայի, խեղճ կինը պիտի տուժեր:

Մի անգամ ճաշից հետո բուլվարումն էի: Այստեղ բացվում էր Օդեսայի գեղեցիկ տեսարաններից մեկը: Մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջ նավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերով: Ես վաղուց էի կշտացել այդ տեսարանից: Նստած ամբոխից հեռու մի առանձին նստարանի վրա` երաժշտություն էի լսում: Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինան, որ տասն օր էր որբացել էր սեղանիս վրա: “Ո՞ւր է նա այժմ, — հարցնում էի ինքս ինձ, և հարցը մնում էր հարց:

—   Բոնժուր, մոսյո, — լսեցի մի թույլ թոքախտավոր ձայն:

Գլուխս բարցրացրի և իմ առջև տեսա Չաուշենկոյին Իցկո Մարգուլիսի հետ: Այս հանդիպումն ինձ ուրախացրեց: Ես սեղմեցի նրանց ձեռը և իսկույն հարցրի Լևոնի մասին:

Չաուշենկոն հաստ գավազանը բարձացրեց լայն վերարկուի տակից և, ցույց տալով նավահանգիստը, թատրոնական եղանակով ասաց.

—   Այնտեղ է:

—  Չաուշենկո, ինչո՞ւ այսօր ձևերդ տրագիկական են, ասաց Իցկոն:

— Որովհետև, սիրելի ջհուդիկս, այնտեղ է կատարվում կյանքի տրագեդիան: Մարդիկ տանջվում են ու մեռնում խավարի մեջ: Գնանք, տար ինձ այնտեղ, Իցկո: Չաուշենկոն արիստոկրատ բանաստեղծներից չէ, որոնք խորշում են ամբոխից: Մաքսիմ Գորկիի գրածները չես կարդացել, Չաուշենկոյինը կկարդաս: Ութ տարի ուսումնասիրել եմ արճիճային աշխարհը. այժմ ուզում եմ ուսումնասիրել նավահանգստի ամբոխը: Գնանք, պարոն, — դարձավ նա ինձ, — դուք էլ գրող եք, գնանք, մի ամաչեք:

—   Գնանք, ուր ուզում եք, միայն թե Լևոնին ցույց տվեք:

—   Իցկոն մեզ կառաջնորդի: Նա խավարի ծնունդ է: Հայրը նավահանգստում հին լաթեր ու երկաթ է ժողովում պիտի իմանա խավար աշխարհի բոլոր խորշերը յուր ձեռի ափի պես:

—   Իսկ դու պիտի լուսավորես այդ խավար աշխարհը, ահա դրանցով, — ասաց Իցկոն, զարկելով բանաստեղծի ձեռքի գրքույկներին: — Քանի՞ օրինակ ես վերցրել: Տա՞սը: Կջախջախենք, միամիտ կաց:

Նա ձախ ոտը բարձրացրեց և, աջ ոտի վրա ոստոստալով, վազեց առաջ:

Օդեսայի նավահանգիստը քաղաքի հետ միացած է մի հսկայական քարե սանդուխքով, որի բարձրության վրա բուլվարի մեջտեղում կանգնած է քաղաքի հիմնադիր Ռիշիլիեի արձանը, իսկ ստորոտում կառուցված է մի փոքրիկ եկեղեցի նավահանգստի բնակչության համար:

Մենք իջանք այն սանդուղքով, մտանք մի աղեղնաձև լայն փողոց:

Այդ վերջին փողոցն է դեպի ծովափը, այնուհետև ամբողջ նավահանգստի երկարությամբ բարձրանում է “Էսթակադան”` երկաթուղու բեռնակիր գնացքների համար կառուցված կամուրջը: Գիշեր-ցերեկ այս հսկայական կամուրջի վրայով սուլելով անցնում են շոգեկառքերը, քարշ տալով վագոնների երկայն շարքերը, իսկ ներքև բազմաթիվ կամարների տակով անցուդարձ են անում բեռնակիր սայլեր, նավաստիներ, բանվորներ: Այդ մի աղմկալի վայր է, մի բարդ հանգույց ծովային և ցամաքային կյանքերի միջև: Շոգենավերի թանձր ծուխը, նավաստիների կոշտ ձայները, էսթակադայի խուլ թնդյունները գնացքների ծանրությունից, կայարաններում կուտակված քարածխի փոշին` այս բոլորը ընդհանուր առմամբ անսովոր մարդու վրա ճնշող տպավորություն են գործում:

Իցկո Մարգուլիսը մեզ առաջնորդեց քարածխի փոշով ծածկված փողոցի խորքը: Երբ եկեղեցուց հեռացանք երկու հարյուր քայլ, դեպի աջ, մեր առջև բացվեց օղետների, ստորին տեսակի թեյատների ու պանդոկների մի ամբողջ ավան: Այստեղ էր վխտում նավահանգստի բնակչության մեծ մասը:

Պանդոկներից լսվում էին հարմոնիայի և ռուսական ողորմելի բալալայկայի հնչյուններն ամբոխի աղաղակների, երգերի, գոռում-գոչյունների, հիշոցների ու անեծքների հետ:

Նրանք, որոնք ժամանակ ու միջոց ունեին, ուտում, խմում ու հարբում էին պանդոկներում, վայելելով էժանագին հուրիների ընկերության հաճույքը:

Իսկ նրանք, որոնք միմիայն խմելու համար փող ունեին, մտնում էին “Մոնոպոլի” կրպակները: Այստեղ վերցնելով կնքված շշերը` դուրս էին գալիս փողոց և բովանդակությունը դատարկում իրանց բերանները: Օղին արգելվում է խմել “Մոնոպոլի” կրպակներում, ուստի հարբեցողությունը, որ առաջ քիչ թե շատ ամոթ ուներ և թաքնվում էր օղետների պատերի մեջ, այժմ թագավորում է փողոցում ամենայն համարձակությամբ: Եվ ահա նրա ողորմելի զոհերը թավալված են կրպակների առջև, մայթերի վրա, փողոցի մեջտեղում սայլերի ու կառքերի տակ ջարդվելու վտանգի ենթակա:

Իցկոն կանգ առավ մի մեծ պանդոկի առջև, որի դռների ճակատին գրված էր. “Արքայական յախտա”:

Առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր այն հատվածները, որտեղից երևում է, որ Լևոնը սիրահարված էր Լուիզային:

ւղևորության նախընթաց երեկո Լուիզան, ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.

Տեսեք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է:

—   Նա նվիրել է ձեզ այդ գրիչը, որ նամակներ գրեք իրեն, — ասացի ես:

—  Այո, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան ետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լինի:

Գնացքն ուղևորվում էր առավոտյան տասը ժամին: Մենք սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի, Լևոնն ամենից առաջ եկած կլիներ այնտեղ: Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ: Այս անսպասելի էր. ի՞նչ կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:

Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել: Երգիչն ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարել նրա առաջին քայլերը:

3. Ներկայացրու պանդոկային միջավայրը: Պանդոկային միջավայրին հակադրի՛ր այլ միջավայրեր:

4. Ըստ այս հատվածի բնութագրի՛ր Լուիզային:

Բարեսիրտ, բարեհամբյուր, նրբնկատ աղջիկ ով չէր ցանկանում կոտրել ոչ ոքու սիրտը:

5. Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք քեզ դուր եկան: 

Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին, և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբար բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից…

Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից: Նա օդային համբույրներ էր ուղարկում մեզ: