Թռչունները և էլեկտրական լարերը

Բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերը մեկուսապատված չեն ռետինե մեկուսիչների պաշտպանիչ շերտով, դրանք ուղղակի ամրացված են հենասյուներին և էլեկտրականորեն հպվում են միայն հոսանքի աղբյուրին և սպառողին:

Այնուամենայնիվ, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են թռչունները նստում այդպիսի էլեկտրական հաղորդալարերի վրա։ Ստացվում է, որ թռչունը դիպչում է մերկ հաղորդալարին, որի միջով հսկայական բարձրավոլտ հոսանք է անցնում: Այդ դեպքում ինչո՞ւ նրանք չեն հոսանքահարվում:

Բանն այն է, որ երբ թռչունը նստում է հաղորդալարի վրա, ստեղծվում (առաջանում) է հաղորդիչների զուգահեռ միացում, որտեղ հաղորդիչներից մեկը հենց թռչունն է, իսկ մյուսը՝ թռչունի ոտքերի տակ գտնվող հաղորդալարի հատվածը։

Թռչնի դիմադրությունը շատ-շատ անգամ ավելի մեծ է, քան լարի դիմադրությունը, ուստի նրա միջով անցնում է աննշան հոսանք, որը չի կարող վնասել թռչունին (զուգահեռ միացման դեպքում ընդհանուր հոսանքը բաշխվում է շղթայի զուգահեռ հատվածների միջև՝ դիմադրությանը հակադարձ համամատականությամբ):

Սակայն թռչունը կարող է հոսանքահարվել բարձրավոլտ լարերի վրա սխալ գործողության արդյունքում։ Դա անելու համար բավական է, որ նա, նստելով լարերի վրա, դիպչի լարերը պահող հենարաններից մեկի մետաղյա հատվածին։ Այս հենարանները ակնհայտորեն հողակցված են։ Բացի այդ, այդ դեպքում թռչնի դիմադրությունը շատ ավելի քիչ է, քան օդի դիմադրությունը (որի հետ այս դեպքում նա ստեղծում է զուգահեռ միացում), ուստի այն հոսանքը, որը կանցնի թռչնի միջով, հսկայական կլինի: Նման մեծ ուժի հոսանքը բառացիորեն անմիջապես կմոխրացնի թռչունին։

Նման թռչունները, դիպչելով միաժամանակ և՛ լարին, և՛ հենարանին, զոհն են այն բանի, որ բարձրավոլտ լարերն ամբողջությամբ մեկուսացված չեն, և միայն մեկուսացված են հենարանի վրա։ Ընդ որում, թռչունների մահվան դեպքերը որևէ կերպ չեն ազդում էլեկտրաէներգիայի հաղորդականության վրա, չեն փչացնում և չեն խախտում էլեկտրահաղորդականությունը։ Ահա այդ պատճառով էլ լարերը մինչ այժմ առանց մեկուսացման են, քանի որ դա շատ թանկ և դժվար գործողություն է։

Բացի այդ, պետք է նշել, որ միայն բարձրավոլտ էլեկտրալարերն են, որ մեկուսացված չեն արտաքին միջավայրից և օդից։ Դրանք կախված են բարձր հենարանների վրա: Իսկ այն լարերը, որոնք հոսանքը բաժանում են ենթակայաններից դեպի մարդկանց տներ, լապտերներ և այլն, համեմատաբար ցածր բարձրությամբ սյուների վրա են կախված և ամբողջ երկարությամբ մեկուսացված են (դա ժամանակակից էլեկտրամատակարարման տեխնոլոգիաների պահանջներից է): Այդ լարերում, որոնք գտնվում են շատ ավելի փոքր բարձրության վրա, արդեն այդքան մեծ հոսանք չի հոսում, և դրանց վրա լարումը քիչ է: Եվ քանի որ նրանք ամբողջությամբ մեկուսացած են, այլևս չեն սպառնում թռչուններին։ Թեև այդ լարերի նման մեկուսացման պատճառը հիմնականում մարդկանց անվտանգությունն է, ովքեր թեև դժվար, բայց հնարավոր է նաև պատահականորեն շփվեն նրանց հետ։ Ի վերջո, այս լարերը շատ ավելի տարածված են, և դրանք շատ ավելի հասանելի են։