Ձկներ

Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն 20 հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե 400 մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները:  Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից: Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը: Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են: