Չղջիկներ

Չղջիկները միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։ Առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, մատները երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար։ Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։ Չղջիկները կողմնորոշվում են անդրաձայնով. թռչելիս մոտակա առարկաներից ու միջատներից անդրադարձած իր ձայնի արձագանքով չղջիկը շրջանցում է անշարժ արգելքը կամ հետապնդում միջատին։ Չղջիկները բնակվում են փչակներում, ժայռաճեղքերում, քարանձավներում՝ մինչև մի քանի միլիոնի հասնող գաղութներով։ Տարածված են չափավոր կլիմայով վայրերում։ Ցուրտ եղանակին նրանք ձմեռային քուն են մտնում։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1–2 ձագ։ Երկարակյաց են. ապրում են մինչև 20 տարի։