Անի

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին` եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Պատահական չէ, որ Անին հանդիսացավ հնագիտական հետազոտությունների առաջին և կարևորագույն կենտրոնը Հայաստանում: Դեռևս, XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին, ընդհուպ մինչև 1917թ. Անիում պեղումներ է կատարել ականավոր արևելագետ Ն. Մառի գլխավորած արշավախումբը, որի կազմում էին անվանի գիտնականներ՝ Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ա. Քալանթարը, Ն. Ադոնցը, և ուրիշներ: Պեղումները ի հայտ բերեցին նյութական և հոգևոր մշակույթի մեծարժեք նմուշներ, որոնք ներկայացնում են միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և կիրառական արվեստների գրեթե բոլոր բնագավառները: Կորստից փրկված Անիի հավաքածուն պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում: