Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները

Ղարաբաղյան ազատագրական շարժումը։

Խորհրդային Միությունում ազատագրական շարժումների ծավալումը վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանք էր: Իր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը: Վերջինս ամենևին չէր հաշտվել պատմական իր տարածքները Ադրբեջանին բռնակցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության հետ: Ղարաբաղցիները, հավատալով կուսակցության հռչակած վերակառուցման քաղաքականությանը, պայքար սկսեցին սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի` Հայաստանի հետ վերամիավորվելու համար:

1988թ. փետրվարի 20–ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ նստաշրջանը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ ևԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու ևՀայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար:

Հայաստանում և Սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք սկսվեց: ԽՍՀՄ ղեկավարությունը հենց սկզբից Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական դիրք գրավեց, իսկ հանրապետության ղեկավարությունը չկարողացավ կողմնորոշվել և ներազդել իրադարձությունների ընթացքի վրա: Ժողովրդի ազգային ցավերի նկատմամբ անտարբերությունը Հայաստանի իշխանություններին ի վերջո հասցրեց

ինքնամեկուսացման:

1988թ. փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե, որը կազմակերպում և ղեկավարում էր բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները: Հսկայական շարժումներ և հանրահավաքներ սկսվեցին նաև տարբեր հանրապետություններում:

Ղարաբաղյան շարժման հանրահավաքներին մասնակցում և ելույթներ էին ունենում հայ ականավոր գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, արձակագիր Սերո Խանզադյանը, դերասան Սոս Սարգսյանը և ուրիշներ:

Թեևհետագայում հանրապետության կուսակցական նոր ղեկավարությունը (1988թ. մայիսից ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինեց Սուրեն Հարությունյանը) ջանքեր էր գործադրում շարժումը գլխավորելու, սակայն հաջողության չէր հասնում: Ղարաբաղյան շարժումը ներդաշնակելու, համակարգելու նպատակով մարտ ամսին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր մասնաճյուղերը ստեղծեց հանրապետության շրջաններում:

Հայաստանում և Արցախում ծավալվող իրադարձություններին հետևում և իրենց բարոյական աջակցությունն էին ցուցաբերում ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ճանաչված գործիչներ` Անդրեյ Սախարովը, Գալինա Ստարովոյտովան, Միխայիլ Դուդինը, Անդրեյ Նույկինը և ուրիշներ: Արցախի ազատագրական պայքարի օրերին նրա կողքին էին նրա արդարացի պահանջի մշտական աջակիցներ` Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ու բուլղարուհի կինովավերագրող Ցվետանա Պասկալևան:

Սումգայիթյան ողբերգությունը: Երբ Հայաստանում ևՂարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988 փետրվարի 27–29–ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած: Զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, մոտ 200 մարդ վիրավորվեց: Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված բռնեց գաղթի ճանապարհը:

Հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից: Իրավապահ մարմինները մի քանի օր մատնված են եղել անգործության: Երեք օր ուշացումով միութենական կենտրոնական իշխանությունը զորք մտցրեց Սումգայիթ: Զինվորները մեծ դժվարությամբ կարողացան դադարեցնել ջարդը և քաղաքից դուրս բերել հայ բնակչությանը: ԽՍՀՄ–ի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպես մի խումբ խուլիգանների արարք: Բնականաբար` նման որակավորում տվեցին նաև միութենական պաշտոնական լրատվամիջոցները:

Որպեսզի չբացահայտվեն այդ ողբերգության իրական կազմակերպիչները, և հաստատվի պաշտոնական վարկածը, մարդասպանների դատավարությունը փաստորեն ձախողվեց: Խորհրդային Միության տարբեր քաղաքներում տեղի ունեցան առանձին դատավարություններ, մեղադրվեցին ջարդերին մասնակցած մի քանի մարդիկ, իսկ իրական կազմակերպիչները մնացին անպատիժ:

Սումգայիթում կազմակերպված բարբարոսական ջարդերով ադրբեջանական իշխանությունները նպատակ ունեին հայ բնակչության մեջ վախ ու խուճապ ստեղծելով հայաթափել Ղարաբաղը: Սակայն կատարվեց հակառակը: Ողջ հայությունը լցվեց հանցագործներին պատժելու և ազգային արդար պահանջների համար պայքարը մինչև վերջ հասցնելու վճռականությամբ:

Հայաստանի Կ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Գր. Հարությունյանի նամակից (1945թ.)

Իոսիֆ Վիսարիոնովիչ,

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը հարում է Հայաստանի տարածքին, 1923 թվականից մտնում է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Այդ մարզի բնակչությունը հիմնականում հայեր են։ Ազգաբնակչության 153 հազարից 137 հազարը հայեր են։ Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսությունը համանման է Հայաստանի լեռնային մասի գյուղատնտեսությանը։ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին մեծապես կնպաստեր նրա զարգացմանը և կբարելավեր տնտեսության ղեկավարումը։ Ազգաբնակչության քաղաքական և մշակութային սպասարկումը մայրենի լեզվով կզորեղանար Հայաստանի հանրապետական մարմինների ղեկավարման դեպքում։ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին հնարավորություն կտար տեղական կադրերին` շարունակելու բարձրագույն կրթությունը Հայաստանի բուհերում։ Մյուս կողմից՝ Հայկական ԽՍՀ-ն կարող էր ազգային կադրեր ստանալ Լեռնային Ղարաբաղի մարզից, որոնք առանձնանում են իրենց գործնականությամբ և ներկայումս, բնականաբար, չեն կարող լիովին օգտագործվել Ադրբեջանում։

Ելնելով վերոնշյալից՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունից` Հայաստանի կոմկուսի Կենտկոմն ու Ժողկոմխորհը ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և միութենական կառավարության քննարկմանն են ներկայացնում Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ որպես Ղարաբաղի Մարզ մտցնելու հարցը։

Ազատագրական շարժման վերելքը

Անգամ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից հետո կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ որպես զուտ սոցիալ–տնտեսական բնույթ ունեցող խնդիր: Ահա թե ինչու 1988թ. մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և Մինիստրների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրվեց 400 մլն ռուբլի գումար` մարզում կուտակված սոցիալտնտեսական և մշակութային հիմնահարցերը լուծելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը այդ գումարը օգտագործեց մարզի ադրբեջանական բնակավայրերում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Շարժումը գնալով մեծ ծավալներ էր ընդունում ևՀայաստանի իշխանություններից պահանջում էր ընդառաջ գնալ ԼՂԻՄ-ի մարզխորհրդի փետրվարի 20–ի որոշմանը:

1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը համաձայնություն տվեց մարզը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն և հարցը դրականորեն լուծելու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին: Վերջինիս նախագահության նիստին մասնակցում էին Հայաստանի, ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչները: Այստեղ հայ ժողովրդի ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը, Ս. Համբարձումյանը, գրող Վ. Պետրոսյանը, Հ. Պողոսյանը և ուրիշներ իրենց ելույթներում դատապարտեցին սումգայիթյան ոճրագործությունը և առաջ քաշեցին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու անհրաժեշտությունը: Սակայն ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը հուլիսի 18-ի նիստում մերժեց ԼՂԻՄ-ի մարզխորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանների ընդունած որոշումները:

1988թ. մայիսին Երևանում ստեղծվեց Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, որի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը և ուրիշներ: Կոմիտեն իր ձեռքը վերցրեց շարժման կազմակերպումը և ղեկավարումը:

Արցախում շարժումը ղեկավարելու համար ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն: 1988թ. օգոստոսին հանրապետության Գերագույն խորհրդի մասնակի ընտրություններով Ղարաբաղյան շարժման մի շարք ղեկավարներ` Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ, դարձան պատգամավորներ: Նորընտիր պատգամավորները նկատելի ազդեցություն ունեցան Հայաստանի Գերագույն խորհրդի հետագա գործունեության վրա:

1988թ. նոյեմբերի 24–ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որ միութենական իշխանությունների որոշումները հանրապետությունում կգործեն միայն այն դեպքում, երբ դրանք հավանության կարժանանան Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից:

Կենտրոնը մերժեց այդ որոշումը, Երևանում մտցրեց հատուկ դրություն ու պարետային ժամ: Արգելվեց հանրահավաքների և ցույցերի կազմակերպումը: Արցախյան շարժման ընթացում հայ ժողովուրդը կորցրեց կոմունիստական կուսակցության հանդեպ ունեցած հավատը, իսկ ԽՍՀՄ–ում տեղի ունեցող ազգային խմորումները մոտեցնում էին այդ պետության վախճանը: Հանրապետություններում ազգային շարժումները ղեկավարում էին ժողովրդի վստահությունը վայելող կազմակերպությունները:

Հայաստանում ազգային շարժման ղեկավարությունը ստանձնած Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հիմքի վրա 1989 թ. նոյեմբերին առաջացավ «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կազմակերպությունը:

Հայերի բռնագաղթեցումը Ադրբեջանից: Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Ադրբեջանի տարածքում բնակվող հայությունը սկսեց ենթարկվել մշտական հարձակումների ու թալանի: 1988թ. գարնանից Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից և հայաշատ այլ բնակավայրերից հայ ազգաբնակչությունը, թալանի ու բռնությունների ենթարկվելով, զանգվածաբար արտաքսվեց:

Առավել ուժեղ ճնշումների ենթարկվեց Կիրովաբադի հայությունը: Երկու շաբաթ շարունակ հայկական եկեղեցում հավաքված հայերը դիմադրություն ցույց տվեցին ադրբեջանական ամբոխին: Քաղաք մտցվեցին զինվորական ստորաբաժանումներ, որոնք նույնպես հարձակման ենթարկվելով` ունեցան սպանվածներ և վիրավորներ:

Բռնագաղթածների մեծ մասը չկարողացավ իր հետ դուրս բերել ունեցվածքը, որը թալանվեց ադրբեջանցիների կողմից: Միայն 1988թ. մարտից մինչև դեկտեմբեր Ադրբեջանից բռնագաղթել է շուրջ 200 հազար հայ:

Բռնագաղթի հաջորդ խոշոր ալիքը սկսվեց 1990թ. հունվարին, երբ մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում սպանվեցին 100-ից ավելի հայեր, իսկ շուրջ 200 հազարը ստիպված հեռացան քաղաքից:

1988 թ. աշնանը կազմակերպվեց Հայաստանից ադրբեջանցիների արտագաղթը: Ընդ որում, եթե Ադրբեջանից գաղթող հայերը թալանվեցին ու հալածվեցին, ապա Հայաստանից գաղթող ադրբեջանցիների համար ընդունելի պայմաններ ստեղծվեցին: Իրենց ունեցվածքը տեղափոխելու համար նրանց տրամադրվեց տրանսպորտ, հնարավորություն ընձեռվեց տները վաճառելու և այլն: Ադրբեջանից բռնագաղթածների կարիքները հոգալը ծանր էր ճգնաժամային պայմաններում գտնվող Հայաստանի համար, հատկապես այն պատճառով, որ ներգաղթածները հիմնականում քաղաքաբնակներ էին: Այդ դժվարին վիճակը վատթարացավ աղետալի երկրաշարժի հետևանքով:

  • 1985թ. մարտին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Մ. Ս. Գորբաչովը։ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար նա ձեռնամուխ եղավ վերակառուցման քաղաքականության մշակմանը։ Հավատալով վերակառուցման քաղաքականությանը` արցախահայությունը բարձրացրեց «ղարաբաղյան հիմնախնդիրը»։ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին վերամիավորելու մասին Հայաստանը և Հայկական սփյուռքը արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցեր կազմակերպեցին։ Շարժումը ղեկավարելու համար ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն։
  • Ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում 1988թ. փետրվարի 27–29-ին կազմակերպեցին քաղաքի հայ բնակչության վայրագ կոտորած: ԽՍՀՄ ղեկավարությունը չտվեց կատարված ողբերգության քաղաքական գնահատականը։
  • 1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը համաձայնություն տվեց ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն։ Սակայն 1988թ. հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը մերժեց այդ որոշումը։
  • Ստեղծված իրավիճակում լուրջ սպառնալիքի տակ էր դրվել Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը: 1988թ. գարնանից հայ բնակչությունը զանգվածաբար արտաքսվեց Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից և հայաշատ այլ բնակավայրերից։ Բռնագաղթի հաջորդ ալիքը սկսվեց 1990թ. հունվարին Բաքվում, որտեղից ստիպված հեռացավ շուրջ 200 հազար մարդ։ 1988թ. աշնանը տեղի ունեցավ Հայաստանից ադրբեջանցիների կազմակերպված ու ապահով արտագաղթը։
  • 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Համաշխարհային հանրությունը շտապեց օգնության ձեռք մեկնել աղետյալներին։