Գործնական աշխատանք

Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրբ կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին,Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակարկառ ժայռերով շրջապատված ալևետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը,և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան ձեռակերտ մեհյան տաճարը:

«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած: 

Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը:

Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչու է նա այդ բառերով բնութագրված:

Լեզվամտածողություն

Բառերի հոմանշային շարքը դասավորի՛ր ըստ իմաստի սաստկացման:

քանքար, ձիրք, տաղանդ, ընդունակություն, հանճար

ընդունակություն, ձիրք, տաղանդ, քանքար, հանճար