Եղեգնուհին մաս երկու

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։
Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:

փառավոր-գովելի

այլանդակ-տգեղ

շուշաբանդ-ապակեպատ

 

  1. Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:

արև-լուսին

գեղեցկություն-տգեղություն

թագուհի-թագավոր

զզվանք-զմայլանք

սպիտակ-սև

հրեշտակ-սատանա

  1. Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:

Բոշան խեղդեց Եղեգնուհուն և գցեց ջուրը։ Նա Եղեգնուհու փոխարեն մերկացավ մտավ ջուրը նաժիշտները եկան և տարան բոշային։

  1. Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

  1. Նկարագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին միամիտ էր, գեղեցիկ ու սպիտակ և ասես հրեշտակ լիներ։

Leave a Reply