ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետությունը անկախության և պատերազմի
տարիներին
Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը: 1991թ. օգոստոսի 30–ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախությունը:
Մի քանի օր անց` 1991թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց որոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Նույն թվականի դեկտեմբերին 10–ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ օրը ԼՂՀ-ի բնակչության 80%–ը մասնակցեց հանրաքվեին, մասնակիցների 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին:
1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն Ձևավորվեց հան–
րապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը, որը 1992թ. հունվարին ընդունեց ԼՂՀ–ի անկախության հռչակագիրը: Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ Նախարարների խորհուրդ, վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ-ի դրոշը եռագույն է:
Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ հետևողական պայքար սկսեց շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար: Սակայն Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի աջակցությամբ սկսեցին անընդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Համապարփակ շրջափակումը և շուրջօրյա հրետակոծությունները ավերել ու կաթվածահար էին արել Արցախի տնտեսությունը: Առանց հակառակորդի ռազմական հենակետերի վերացման հնարավոր չէր ապահովել բնակչության անվտանգությունը:
Ադրբեջանա–ղարաբաղյան պատերազմի ծավալումը: ԼՂՀ–ի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. ձմռանից ձեռնամուխ եղան քաղաքամերձ կրակակետերի ոչնչացմանը: Դաժան մարտերից հետո 1992թ. հունվարին ազատագրվեց Ստեփանակերտի արվարձան Կրկժանը: 1992թ. հունվարին թեժ մարտեր տեղի ունեցան Քարինտակի մատույցներում: Շուշիի բարձունքից ադրբեջանցիները գրոհում էին, բայց ներքևում գտնվող գյուղը մնում էր անառիկ: Ադրբեջանի ազգային բանակն
այդ ուղղությամբ նոր լայնածավալ հարձակում սկսեց 1992թ. հունվարի 25–26–ի գիշերը: Երբ մինչև ատամները զինված 250 ադրբեջանցիներ զրահամեքենաներով մոտեցան բնակավայրի մատույցներին, գյուղի պաշտպանները ստիպված նահանջեցին առաջավոր դիրքերից: Քարինտակին օգնության հասավ Շոշի ինք–
նապաշտպանական ջոկատը: 12–ժամյա արյունահեղ մարտում ի վերջո ադրբեջանցիները պարտություն կրեցին և նահանջեցին:
Թշնամին շարունակում էր ռմբակոծել Ստեփանակերտը հրթիռային կայանքներից: Միայն 1992թ. փետրվարի 19–ին ԼՂՀ–ի մայրաքաղաքի վրա արձակվեց 300 հրթիռ:
Ստեփանակերտի համար ամենավտանգավորը Խոջալուն էր, որը փակում էր Ստեփանակերտ–Ասկերան մայրուղին:
Խոջալուի կրակակետերը լռեցնելու համար ԼՂՀ-ի ռազմական ուժերը որոշեցին առաջին հերթին հսկողության տակ վերցնել օդանավակայանը: Հայկական ջոկատները Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գլխավորությամբ հասան առաջավոր դիրք: Անակնկալի եկած հակառակորդը նահանջեց:
1-
Հայ ազատամարտիկներն առանց զոհերի առաջացան դեպի օդանավա կայան: Նրանք գլխավոր ճանապարհի կողմից միջանցք էին թողել, որ Խոջալուի բնակիչները հեռանային Աղդամ: Փետրվարի 26–ին` մի քանի ժամվա ընթացքում հայ ինքնապաշտպանական ուժերը, տալով մի քանի զոհեր, լիովին ջախջախեցին Խոջալուում տեղակայված ադրբեջանական ուժերը: Խոջալուն ադրբեջանցիների առաջին խոշոր պարտությունն էր:
Շուշիի ազատագրումը։ 1992թ. մայիսի սկզբին ԼՂՀ-ի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում օրհասական դրություն էր: Մայրաքաղաքը սովի եզրին էր: Քաղաքում չկար հեղուկ վառելիք, իսկ մայիսի 1-ից լրիվ անջատվել էր էլեկտրաէներգիան: Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի անվտանգության ապահովման համար Շուշին պետք է ազատագրվեր:
Շուշիի ազատագրման ծրագիրը կազմելու և իրագործելու պատասխանատվությունը դրված էր ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր–Թադևոսյանի (Կոմանդոս) վրա: Նրա գերխնդիրը Շուշիի ազատագրման միջոցով ՀՀ–ի հետ ճանապարհային ուղիղ կապ ապահովելն
էր: 1992թ. մայիսի 4–ին որոշվեց իրագործել Շուշիի գրավման «Հարսանիք լեռներում» գործողությունը: Ռազմական գործողությունները ղեկավարում էր գնդապետ Ա. Տեր–Թադևոսյանը, նրա կողքին էին գեներալ Գ. Դալիբալթայանը, շտաբի պետ Ֆ. Գզօղլյանը և ուրիշներ:
Թշնամին ուներ 2300 զինյալ, իսկ գրոհող հայկական ուժերի թիվը հասնում էր 1700–ի: Շուշիի ազատագրման գործողություններին մասնակցում էր մոտ 60 ջոկատ: Գլխավոր ուղղությունների պատասխանատուներ էին նշանակվել խիզախ հրամանատարներ Սեյրան Օհանյանը, Վիտալի Չիթչյանը, Արկադի Կարապետյանը, Աշոտ Ղուլյանը, Վարդան Ստեփանյանը (Դուշման), Սամվել Բաբայանը և այլք:
Մայիսի 8–ի գիշերը հրետանային կրակի ներքո բոլոր ուղղություններով սկսվեց ընդհանուր գրոհը:
Մայիսի 9–ին կատաղի մարտերը մղվում էին քաղաքի ներսում։ Ի վերջո, թշնամին խուճապահար փախուստի դիմեց: Շուշիում կռիվների ժամանակ հակառակորդը տվեց 300 զոհ, 600–700 վիրավոր, 13 գերի: Թշնամուց առգրավվեցին կամ ոչնչացվեցին մոտ 10 զրահատեխնիկա, հարյուրավոր հրթիռներ ու արկեր: Հայկական կողմն ունեցավ 70 զոհ և 120 վիրավոր:
Շուշիի ռազմական գործողությունները լուրջ մարտական մկրտություն էին ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի համար և իրենց արժանի տեղը գտան հայ ազգային–ազատագրական պայքարի պատմության տարեգրությունում:
Դա մեր ժողովրդի առաջին խոշոր հաղթանակն էր, որը հնարավորություն տվեց անմիջական կապ ստեղծելու Հայաստանի և Արցախի միջև, առանց որի Արցախը դատապարտված էր: Այս մարտերում իրենց հերոսությամբ աչքի ընկան բազմաթիվ հայ մարտիկներ, որոնց թվում էին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած Գագիկ Ստեփանյանը, Արթուր Ղարիբյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր) և ուրիշներ:
Պատերազմի հաղթական ավարտը։ Հետապնդելով խուճապի մատնված հակառակորդին` մի քանի օրվա ընթացքում Արցախի ազատամարտիկները գրավեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինը և նրա շրջակա գյուղերը: Ղարաբաղը դրանով սահմանակից դարձավ Հայաստանի Հանրապետությանը: Լաչինի միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը:
1992թ. ամռանը ադրբեջանական կանոնավոր բանակը օտարերկրյա վարձկանների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ԼՂՀ–ի հյուսիսային մասում: Հակառակորդին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը:
Այս շրջաններից մազապուրծ գաղթականների նոր խմբեր հայտնվեցին Հայաստանում և Արցախում Ադրբեջանցիների գրաված տարածքներում սկսվեց պարտիզանական շարժում: 1992թ. ամռանը ռազմական դրություն հայտարարվեց ԼՂՀ-ի տարածքում: Օգոստոսի 15–ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե` Ռ. Քոչարյանի գլխավորությամբ։ Հետագայում` 1994թ. դեկտեմբերին, Ռ. Քոչարյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընտրվեց հանրապետության նախագահ:
Կարգավորվեց տնտեսական վիճակը, կազմակերպվեց մարտունակ բանակ։ Ձեռնարկված միջոցառումները շուտով տվեցին դրական արդյունքներ: Վերախմբավորելով ուժերը` ԼՂ-ի ինքնապաշտպանական բանակը կարողացավ թշնամու բազմահազարանոց ուժերին կանգնեցնել բնագծում և անցնել հակահարձակման: 1993թ. մարտ–ապրիլ ամիսներին ղարաբաղյան ուժերի ճնշման տակ թշնամին ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) տարածքները: Փաստորեն, ռազմական գործողությունների երկրորդ շրջադարձային կետը Քելբաջարի գրավումն էր: 1993թ. առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ փուլը Մարտակերտ քաղաքի ազա–
տագրումն էր: Շուտով ազատագրվեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլիի և ապա Հորադիզի ու Զանգելանի շրջանները: Ազատագրական այդ մարտերում զոհվեցին հայ քաջորդիներ Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Սոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Յուրա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: և
Ադրբեջանը հարկադրված էր իշխանափոխություն կատարել: Ադրբեջանի նախագահ դարձավ Հ. Ալիևը: Վերջինս ժամանակ շահելու նպատակով իբր սկսեց զինադադարի գործընթաց, իրականում ուժեղացրեց հակահայկական քարոզչությունը և դրսից վարձկանների հավաքագրումը: 1993թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով` փորձելով բեկում առաջացնել ռազմական գործողությունների մեջ: Հակառակորդի բանակը զինված էր ժամանակակից տեխնիկայով: Նրան օգնում էին տարբեր երկրների զինվորական խորհրդատուներ, իսկ նրա շարքերում կռվում էին աֆղան ու թուրք վարձկաններ:
Սակայն թշնամուն չհաջողվեց բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ: 1994թ. փետրվարի կեսերից արցախյան ուժերը անցան հակահարձակման և ազատագրեցին Օմարի լեռնանցքը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանների բնակավայրերը: Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5 հազարից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնիկա: Ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ. մայիսին զինադադար կնքել, որը պահպանվում է մինչև այժմ:
ԼՂՀ նախագահի հրամանագրով 1996թ. սահմանվեց պետական բարձրագույն պարգև` Արցախի հերոսի կոչում: Այդ կոչմանը արժանացան Սամվել Բաբայանը, Քրիստափոր Իվանյանը, Զորի Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սամվել Կարապետյանը, Ժորա Գասպարյանը, Մանվել Գրիգորյանը, Մովսես Հակոբյանը, Արշավիր Ղարամյանը, Աշոտ Ղուլյանը, Պետրոս Ղևոնդյանը (հետմահու), Սոնթե Մելքոնյանը (հետմահու), Յուրի Պողոսյանը (հետմահու), Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Վահագն Վարդանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը:
1996թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում հետմահու շնորհվեց 7 ազատամարտիկների` Ջիվան Աբրահամյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Վիտյա Այվազյանին, Մովսես Գորգիսյանին, Թաթուլ Կրպեյանին, Մոնթե Մելքոնյանին և Յուրի Պողոսյանին:
Այսպիսով` հայ ժողովուրդն իր միասնության և աննկուն ոգու շնորհիվ իրեն պարտադրված պատերազմից հաղթականորեն դուրս եկավ և ազգային երկրորդ պետությունը ստեղծեց Հայաստանի ազատագրված հատվածում: Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հաջորդ` բանակցային
փուլը:
ԼՂՀ–ի հիմնահարցը խաղաղ բանակցություններում։ Զինադադարի կնքումից հետո շարունակվեցին բանակցային գործընթացները, որոնք դարձան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի (ԵԱՀԿ) քննարկման առարկա:
Հայաստանի Հանրապետության նախագահները բազմաթիվ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի Հանրապետության նախագահների հետ` բանակցությունների և փոխզիջումների միջոցով հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս նորանոր առաջարկություններով բազում հանդիպումներ ունեցավ երկու երկրների և Ղարաբաղի ղեկավարների հետ: Ցավոք, այդ բոլոր հանդիպումներն ու բանակցությունները շոշափելի արդյունքների չեն հանգեցրել:
Ընդհատված բանակցությունները շարունակվեցին: 2001թ. ապրիլին կազմվեց Քի Վեսթի փաստաթուղթը, որը որոշակի առաջընթաց արձանագրեց: Այն ամրագրում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 2007թ. առաջ քաշվեցին մադրիդյան հիմնական սկզբունքները, որոնք ներառում էին երեք կարևորագույն միջազգային նորմեր` ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի կիրառումը բացառելու սկզբունքները:
Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցությունների հիմք ընդունվեցին 2008թ. նոյեմբերի մոսկովյան հռչակագրով: Հռչակագիրը հաստատում էր, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական բանակցությունների ճանապարհով: