Հայաստանի երրորդ հանրապետության անկախության գործընթացը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ժողովրդական շարժման խորացումը։ Հայ ժողովուրդը երկու տարվա արցախյան ազատագրական ծանր ու հետևողական պայքարում չկորցրեց իր ողջամտությունը և դուրս չեկավ պայքարի սահմանադրական շրջանակներից: Նա ավելի համախմբվեց ու դարձավ միասնական: Սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վճռականությունը առաջ մղեցին ազգային անկախ պետականության վերականգնման խնդիրը: 1990 թվականին նոր ուժով ծավալվեց համաժողովրդական շարժումը:
Այդ ժամանակ հայ հասարակական–քաղաքական կյանքում որոշակի բևեռացում նկատվեց: Արցախի հարցում ԽՍՀՄ ղեկավարության միտումնավոր քաղաքականության և հանրապետության ղեկավարության անհեռատես քայլերի հետևանքով ժողովուրդը կորցրեց հավատը իշխանությունների նկատմամբ: 1990թ. ապրիլի 6-ին Հայկոմկուսի Կենտկոմի պլենումը Ս. Հարությունյանին ազատեց Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: Նրան փոխարինեց Վլադիմիր Մովսիսյանը: Աստիճանաբար ուժեղացավ ժողովրդական շարժման նկատմամբ եղած վստահությունը: Այս ամենը հանրապետության քաղաքական կյանքում առաջացրեց շրջադարձային փոփոխություններ: Այդ փոփոխությունները զգալ տվեցին 1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3–ին կայացած` Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների ժամանակ: Ընտրությունները տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով, երկու փուլով: Այս ընտրություններն արմատապես տարբերվում էին խորհրդային իշխանության տարիներին կայացած բոլոր ընտրություններից, որովհետև ընթանում էին ազգային շարժման վերելքի պայմաններում: Դրանք Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրություններին առաջին անգամ մասնակցեց նաև Արցախի հայ բնակչությունը: Ընտրական պայքարն ընթանում էր, մի կողմից` ազդեցության ոլորտները դեռևս պահպանող Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ), մյուս կողմից` բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը վայելող Հայոց համազգային շարժման միջև: Ընտրողների ձայները համարյա հավասարապես բաժանվեցին Հայկոմկուսի և ՀՀՇ-ի թեկնածուների միջև: Ընտրություններով ստեղծվեց հասարակության մեջ իշխող տրամադրություններն արտացոլող, իր կազմով սկզբունքորեն նոր խորհրդարան:
Նոր խորհրդարանը սկսեց գործել հուլիսի 20–ից և առաջին իսկ օրերից բարդ պայմաններում ակտիվորեն ձեռնամուխ եղավ անկախ պետականության ստեղծմանը: 1990թ. օգոստոսի 4–ին խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրեց ՀՀՇ–ի վարչության նախագահ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին: Մի քանի օր անց Նախարարների խորհրդի նախագահ նշանակվեց Վազգեն Մանուկյանը: Վերջ դրվեց կոմունիստական կուսակցության մենիշխանության 70–ամյա շրջանին:
Հայաստանի անկախության հռչակագիրը: 1990թ. օգոստոսի 23–ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց:
Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան): Այսպիսով` Հայաստանի պատմության մեջ սկսվում էր Երրորդ հանրապետության շրջանը:
Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա չէր կարող գործել հանրապետությունում: Պետական դրոշ հաստատվեց եռագույնը` կարմիր, կապույտ, ծիրանագույն, որն Առաջին հանրապետության դրոշն էր: Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը` զինանշանը, որը նույնպես Առաջին հանրապետության խորհրդանիշն էր:
Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը: Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ–ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ:
Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին: Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով:
Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն: Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները:
Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ:
1990թ. ընտրություններով ձևավորվեց ըստ էության պառլամենտական հանրապետություն: Չկար նախագահի պաշտոն, խորհրդարանը նշանակում էր կառավարություն, որի ձեռքին էր ամբողջ գործադիր իշխանությունը: Կառավարության վրա այդ ժամանակ մեծ պատասխանատվություն էր դրված։ Այդ կարճ «պառլամենտական հանրապետության» ժամանակաշրջանում (1990թ. օգոստոսից 1991թ. սեպտեմբեր) իրականացվել են բազմաթիվ ծրագրեր. հողի սեփականաշնորհում, գազամուղի անցկացում Վրաստանի տարածքով, միջազգային կապի առաջին միջոցների կառուցում, որոնց շնորհիվ Հայաստանն անմիջական կապ հաստատեց աշխարհի հետ:
Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից: 1990թ. հունվար–փետրվար ամիսներին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ սկսեցին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով: Սակայն հայ աշխարհազորային ջոկատները հերոսաբար դիմադրեցին և կանխեցին հակառակորդի առաջխաղացումը: Ինչպես միշտ, այս անգամ ևս Մոսկվան հավասարապես հանդիմանեց երկու կողմերին:
Սակայն ադրբեջանական իշխանությունները, օգտվելով Մոսկվայի աջակցությունից, շարունակում էին բռնագրավել հայերի բնակավայրերը և արտաքսել նրանց գյուղերից: 1991թ. ապրիլ–մայիս ամիսներին ադրբեջանական օմոնը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները) խորհրդային բանակի աջակցությամբ բացահայտ պատերազմ սկսեց Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ` իրականացնելով նախօրոք մշակված «Օղակ» («Կոլցո») օպերացիան: Այդ գործողությունը սկսվեց ապրիլի 30–ին, որին մասնակցում էին ռուսական «Վիրաժ» և «Օբրիվ» միավորումները, ադրբեջանական օմոնի «Դոզոր» ստորաբաժանումը և տասնյակ ավարառու հրոսակախմբեր: Նրանք նախապես գրավել էին Գետաշենի շրջակա բարձունքները, շրջափակել գյուղը: Զրահամեքենաներով, տանկերով և զենքերի տարբեր տեսակներով հարձակվեցին հայկական գյուղերի վրա: Կատաղի մարտեր տեղի ունեցան Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում, որտեղ անհավասար մարտում հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Հրաչ (Զարզանդ) Դանիելյանը և շատ ուրիշներ: Զավթիչները գրավեցին ու հիմնովին ավերեցին Գետաշենն ու Մարտունաշենը: Ոգևորված այս վանդալիզմով` ադրբեջանցիները համատարած հարձակումներ սկսեցին հայկական գյուղերի վրա: Մայիսի կեսերին բռնագաղթեցին Հադրութի և Շահումյանի 24 հայկական գյուղերի բնակիչները: Փաստորեն, 1991թ. մայիս-հունիս ամիսներից Ադրբեջանի կողմից հրահրվեց հայ–ադրբեջանական պատերազմ:
1991թ. հունիսին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների նիստում մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիրը: Մոսկվայի կողմից մարզային և տեղական իշխանությունների կազմալուծման հետևանքով բնակչությունը մնացել էր առանց ղեկավարության: Նստաշրջանը պահանջեց վերականգնել մարզային և տեղական իշխանությունները, գլխավորել բնակչության ազատագրական պայքարը: Հուլիսի վերջերին ստեղծվեցին ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանական ուժերի շտաբ: Դրանք մարզի բոլոր շրջաններում կազմակերպեցին զինված ջոկատներ: Հետագայում (1992թ. փետրվարին) ԼՂՀ Գերագույն խորհուրդը հատուկ որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մասին, որտեղ նշվում էր, որ ինքնապաշտպանական զինված ջոկատները պետք է դիտել որպես ԼՂՀ ինքնապաշտպանական ուժեր և համախմբել մեկ միասնական հրամանատարության ներքո: Այդ ուժերի հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի ՏերԹադևոսյանը (Կոմանդոս):
Անկախության հոչակագրից
Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։
1. Երկու տարվա արցախյան ազատագրական պայքարը և սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը առաջ մղեցին անկախ պետականության վերականգման խնդիրը։
2. 1990թ. մայիսին ընտրված նոր խորհրդարանը օգոստոսի 23-ին ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»։ ՀԽՍՀ-ն վերանվան վեց Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի պատմության մեջ սկսվեց 3-րդ հանրապետության շրջանը։
3. 1990թ. հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանային բախումներ։ Հայ աշխարհազորային ջոկատներն անառիկ պահեցին մեր սահմանները և կանխեցին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու ադրբեջանական փորձերը։
4. Ադրբեջանը 1991թ. իսկական պատերազմ սանձազերծեց Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանական գրոհայինները ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ 1991թ. ապրիլ–մայիս ամիսներին գրավեցին և ավերեցին Գետաշենն ու Մարտունաշենը, հայաթափեցին Հադրութի և Շահումյանի 24 հայկական գյուղերը։ 1991թ. մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիր։