Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրությունը։
Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը: Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից: Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ:
1992թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001թ.` Եվրախորհրդի անդամ: Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների:
Հայաստանի միջազգային հարաբերությունների մեջ կարևոր տեղ են գրավում ուղղակի հարաբերությունները ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը չշեղվեց Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորված մոտեցումներից: Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմակողմանի համագործակցություն, այդ թվում` ռազմապաշտպանական, տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլն:
Երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ թևակոխեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997թ. օգոստոսին կնքված պայմանագրով: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու անգամ (2008թ. հոկտեմբեր և 2010թ. օգոստոս) պաշտոնական այցով եղավ ՀՀ–ում: Ստորագրվեց նոր պայմանագիր ՀՀ–ում գտնվող ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու, ինչպես նաև սոցիալ–տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Ռուսաստանից բացի` Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ: Միջին Ասիայում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գործընկերը Թուրքմենստանն է, քանի որ հանրապետության տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված է թուրքմենական գազի առաքումներից: Հայաստանը առևտրատնտեսական և մշակութային բազմաթիվ համաձայնագրեր կնքեց Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ:
Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս իր հարևանների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Թեև 1991թ. դեկտեմբերին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին: Անկարան հայկական իշխանություններին նախապայմաններ ներկայացրեց` չարծարծել 1915թ. Հայոց ցեղասպանության հարցը, հրաժարվել պահանջատիրությունից, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը մերժեց այս նախապայմանները:
Թուրքիան մինչև օրս չի բացել ՀՀ–ի հետ պետական սահմանը, որը փակել էր ղարաբաղա–ադրբեջանական պատերազմի օրերին` 1993թ. ապրիլից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին 2008թ. հրավիրելով Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, իսկ հաջորդ տարի նա հրավիրվեց Թուրքիա։ Առայժմ Թուրքիայի հետ տարվող հարաբերություններն անարդյունք են:
Հատկապես կարևոր էր Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, որի տարածքով շրջափակման տարիներին շարունակվեց Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ: Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայության, այդ թվում` Ջավախքի հայ համայնքի առկայությամբ: Հայ–վրացական առևտրական և գիտամշակութային կապերի ընդլայնման համար կարևոր նշանակություն ունեցան 1999թ. Երևանում ստորագրված համաձայնագիրն ու 2001թ. կնքված պայմանագիրը:
Սերտ հարաբերություններ հաստատվեցին հարևան Իրանի հետ:
1993–2011թթ. Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի հետ մի քանի տասնյակ համաձայնագրեր ու պայմանագրեր ստորագրվեցին:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության և համագործակ-
ցության համաձայնագիր կնքվեց 1996թ.: Այն հնարավո–
րություն տվեց Եվրամիության հետ սերտ համագործակցություն զարգացնելու:
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի կարևոր դերակատարությամբ, այլև այնտեղի ազդեցիկ հայկական համայնքի ակտիվ գործունեությամբ: Հարաբերությունները ԱՄՆ–ի և Հայաստանի միջև զարգանում են բնականոն ճանապարհով` ընդգրկելով քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտները: Դժվարին տարիներին ԱՄՆ–ը Հայաստանին հատկացրել է միլիոնավոր դոլարների մարդասիրական օգնություն:
Հայաստանը հարաբերություններ հաստատեց նաև Կանադայի, Արգենտինայի, Ուրուգվայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի հետ: 150–ից ավելի երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դեսպանությունները, ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները:
Այսպիսով` անկախությունից հետո Հայաստանը միջազգային ասպարեզում վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն:
միջազ–
Հայոց ցեղասպանության գային ճանաչման գործընթացը։ Հայաստանի անկախության վերականգնումից, հատկապես 1998-ից հետո հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանի Պետական դուման, Հունաստանի, Լիբանանի խորհրդարանները, Բելգիան, Շվեդիան, Կանադան, Սլովակիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան և այլ երկրներ: Միջազգային
կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա` Եվրախորհրդարանը:
Փաստորեն, ներկայումս ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունների թիվը շուրջ 2,5 տասնյակ է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ԱՄՆ-ի 42 նահանգներ և տարբեր քաղաքների քաղաքապետարաններ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը որոշակի ազդեցություն ունեցավ նաև Թուրքիայում` հասարակական կարծիքի վրա: 2007թ. հունվարի 19–ին Ստամբուլում ահաբեկության զոհ դարձավ «Ակօս» թերթի խմբագիր, հայտնի հասարակական գործիչ Հրանտ Դինքը: Նրա թաղման արարողությունը վերածվեց բազմահազարանոց ցույցի: Կատարվածը մեծ ազդեցություն ունեցավ թե՛ Թուրքիայի, թե՛ միջազգային հասարակական կարծիքի վրա: Թուրք հանրության առաջադեմ ներկայացուցիչները փողոց դուրս եկան «Մենք հայ ենք», «Մենք Հրանտ Դինքն ենք» կարգախոսներով:
Ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակվում է:
Հայ առաքելական եկեղեցին անկախության ժամանակաշրջանում։ Հայ առաքելական եկեղեցու համար կարևոր նշանակություն ունեցավ 1991թ. հունիսին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած խղճի ազատության մասին օրենքը: Դրանով Հայոց եկեղեցուն իրավունք էր տրվում վերստեղծելու իր թեմերն ու համայնքները, կառուցելու նոր եկեղեցիներ ու նպաստելու հոգևոր կրթությանը: Վերականգնվեցին խորհրդային տարիներին արգելված եկեղեցասեր կազմակերպություններն ու միությունները, երգչախմբերը: Վերականգնվում են կիսաքանդ եկեղեցիները, կառուցվում են նորերը: 1994թ. օգոստոսին վախճանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: 1995թ. ապրիլին Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Մեծի Տանն Կիլիկիո աթոռակալ Գարեգին Բ–ն` վերանվանվելով Գարեգին Ա: Նրա գործունեության տարիներին (1995-1999) ընդարձակվեց եկեղեցաշինությունը, ստեղծվեցին հոգևոր-եկեղեցական նոր կառույցներ, սերտացան միջեկեղեցական կապերը:
Գարեգին Ա-ի մահից հետո` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 1999թ. հոկտեմբերին Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանը: Հայոց 132–րդ հայրապետը գահ բարձրացավ հայոց պետականության համար խիստ ծանր իրավիճակում: Նա ձեռնամուխ եղավ եկեղեցական ներքին կյանքի կարգավորմանն ու կազմակերպմանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր կրթարանների վերաշխուժացմանը և այլն:
2001թ. մեծ շուքով նշվեց Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700–ամյա հոբելյանը: Հայոց եկեղեցին իր ձեռնարկումներով աջակցություն ու անմիջական մասնակցություն է բերում հայոց անկախ պետականության կայացման գործին: