Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան։
ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐԻ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Ք. Ա. VII-VI ԴԱՐԵՐՈՒՄ
Պարույր նահապետը՝ Հայոց թագավոր: Ք. ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք. ա. IX դարի վերջին և Ք. ա. VIII դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:
Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ֊արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա. 681 թ., առանց վարանելու, ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:
Ք. ա. VII դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Ք. ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:
Երվանդ I Սակավակյաց: Ք. ա. 580֊ 570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը: Նրա անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի:
Երվանդ Սակավակյացն ուներ 40 000 հետևակ (հետիոտն) և 8000 հեծյալ (ձիավոր) զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:
Տիգրան I Երվանդյան: Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան 1 Երվանդյանը (Ք. ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի, և աչքի էր ընկնում իր իմաստությամբ ու տաղանդով:
Ք. ա. 550 թ. Տիգրան 1֊ն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարասատնի պերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:
Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո՝ մինչև Ք. ա. 522 թվականը:
Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը. Նրան անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի: