Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Սան Ստեֆանոյի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի դիրքերն Արևմտյան Հայաստանում և Բալկաններում: Դա հարուցեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ու Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը: Մեծ տերությունները Ռուսաստանին սպառնացին պատերազմով և պահանջեցին 1878 թ. հունիսին Բեռլինում գումարել վեհաժողով՝ ռուս-թուրքական հաշտության պայմանները քննարկելու նպատակով:

Հայերի պահանջները վեհաժողովին ներկայացնելու համար Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) գլխավորությամբ հատուկ պատվիրակություն կազմվեց: Հայ պատվիրակները մինչև վեհաժողովի սկսվելը հանդիպումներ ունեցան եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ, ստացան օգնության խոստումներ: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, եվրոպացի պետական գործիչները բնավ ցանկություն չունեին օգնելու հայերին: Նրանք Հայկական հարցն օգտագործում էին Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Այսպես՝ վեհաժողովի նախօրյակին Անգլիան Թուրքիայի հետ կնքած գաղտնի պայմանագրով ստացավ Կիպրոս կղզին և պարտավորվեց ամեն կերպ վեհաժողովում պաշտպանել նրա շահերը: Պատահական չէ, որ հայ պատվիրակներին թույլ չտրվեց նույնիսկ մտնել վեհաժողովի շենքը: 16րդ հոդվածի փոխարեն Բեռլինի պայմանագրում մտցվեց նոր հոդված՝ 61-րդը: Հայկական հարցը վճռվեց առանց հայերի մասնակցության:

61-րդ հոդվածը նույնպես թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայկական մարզերում բարեփոխումներ անցկացնել, ապահովել հայերի անվտանգությունը: Բայց բարեփոխումների հսկողությունը դրվելու էր ոչ միայն Ռուսաստանի, այլև վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա: Մեծ տերությունների ղեկավարները համոզված էին, որ բարեփոխումները սուլթանի կողմից չեն կատարվելու: Դա վերջիններիս հնարավորություն կտար միջամտելու Թուրքիայի ներքին գործերին և նրանից նոր զիջումներ կորզելու:

Պայմանագիրը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրս բերում գրաված տարածքներից: Դրանով ոչ մի երաշխիք չէր մնում 61-րդ հոդվածի կենսագործման համար: «Հայաստան» հասկացության փոխարեն պայմանագրում հայտնվել էր «հայաբնակ մարզեր» բառակապակցությունը: Այսինքն՝ այժմ խոսքը ոչ թե Հայաստանի, այլ սոսկ հայերով բնակեցված տարածքի մասին էր: Ռուսաստանին էին մնում միայն Կարսն ու շրջակայքը: Ալաշկերտն ու Բայազետը նույնպես վերադարձվելու էին կայսրությանը:

Բեռլինի վեհաժողովը մեծ հիասթափություն առաջացրեց հայերի շրջանում: Հայ ժողովրդի մեջ զգալիորեն պակասեց հավատը Եվրոպայի նկատմամբ: Հայկական պատվիրակությունը բողոք ներկայացրեց վեհաժողովի ղեկավարությանը: Մ. Խրիմյանը, Դ. Սրվանձտյանցը և ուրիշ շատ գործիչներ հանդես եկան կոչերով՝ օտար տերություններին խնդրագրեր ներկայացնելու փոխարեն անցնել զինված պայքարի կազմակերպմանը:

Մի առիթով Մ. Խրիմյանն ասել է. «Վեհաժողովի դռան վրա գրված էր՝ իրավունքը ուժովինն է, քաղաքագիտությունը գթություն չունի, իրավունքն ալ սուրի ծայրին է: Հայաստանցիներ, սիրեցեք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի»:

Մեծ տերությունների կողմից Հայկական հարցի միջազգայնացումն իրականում ոչինչ չտվեց հայությանը: Ընդհակառակը՝ ավելի սրեց մեծ տերությունների հակասությունները, նպաստեց Օսմանյան կայսրությունում հակահայկական տրամադրությունների աճին: Հայկական հարցից ազատվելու համար սուլթան Համիդ II-ն ընտրեց խնդրի լուծման բարբարոսական ճանապարհ՝ հայերի զանգվածային բնաջնջման քաղաքականությունը: