Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը։
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԵԼՔԸ: ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հայ մշակույթի վերածննդի պատմական պայմանները: Բագրատունյաց թագավորության հաստատումից հետո հայկական մշակույթը նոր վերելք ապրեց։ Այն կապված էր հայ հասարակության քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների հետ:
Մշակութային կյանքը, բացի վանքերից, աննախադեպ զարգացում ապրեց նաև քաղաքներում՝ Անիում, Վանում, Դվինում, Կարսում, Սիսում, Տարսոնում, Ադանայում:
Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններում հայտնված հայությունն իր ազգապահպանության խնդիրը հիմնականում լուծում էր հայկական մշակույթի զարգացման միջոցով: X–XIV դդ. նպաստավոր պայմաններ կային նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար:
Նախորդ ժամանակաշրջանից հայտնի կրթության կազմակերպման «յոթ ազատ արվեստների» համակարգը նոր բարձրության հասավ։ Այն ներառում էր քերականու թյունը, տրամաբանությունը, ճարտասանությունը, թվաբանությունը, երկրաչափությունը, երաժշտությունը, աստղագիտությունը:
Դպրոցները և համալսարանները: Դպրոցները հիմնականում եկեղեցու տնօրինության տակ էին: Կային ծխական, վանական և տաճարային դպրոցներ: Արդեն IX դ. վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր վարդապետարաններ:
Այդ ժամանակ կրթական համակարգը հիմնականում բաղկացած էր տարրական և բարձրագույն տիպի դպրոցներից։ Բարձրագույն դպրոցում ուսումը տևում էր 7–8 տարի:
X–XIV դդ. ուսումնագիտական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին Գրիգոր Մագիսրրոսը, Հովհաննես Իմաստասերը, Եսայի Նչեցին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին։
Միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական նշանավոր կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները։ Իրենց գիտամանկավարժական գործունեությունն այստեղ են անցկացրել ժամանակի նշանավոր գործիչներ Դավիթ Ալավկաորդին, Վարդան Արևելցին և ուրիշներ:
Ժամանակի նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։
XII դարից սկսվում է բարձրագույն դպրոցների վերելքի ժամանակաշրջանը: Համահայկական նշանակություն ունեցող բարձրագույն դպրոց էր Անիի վարդապետարանը, որի ուսուցչապետը Հովհաննես Իմաստասերն էր:
Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց նաև Նոր Գետիկի (Գոշավանք) վարդապետարանը: Այն իր ծաղկումն ապրեց ուսուցչապետ Մխիթար Գոշի օրոք:
Հայ կրթամշակութային կյանքի զարգացման գործում շատ կարևոր դեր է խաղացել Գլաձորի համալսարանը: 1280–ական թթ. հիմնադրված դպրոցը Եսայի Նչեցու րաբունապետության տարիներին հայտնի դարձավ «Գլաձորի համալսարան» անունով:
Մեծ էր նաև Տաթևի համալսարանի դերը: XIV դ. երկրորդ կեսից մինչև XV դ. սկիզբը համալսարանի բեղմնավոր գործունեության շրջանն էր: Նրա ուսումնագիտական աշխատանքները ղեկավարում էին նշանավոր գիտնականներ Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին։
Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։ Հայտնի էր Սկևռայի դպրոցը, որը հատկապես մեծ դեր ուներ Կիլիկյան Հայաստանի վանական տիպի դպրոցների շարքում:
Մանրանկարչության, գրչության արվեստի և երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Հռոմկլայի կաթողիկոսարանին կից դպրոցը:
ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
IX դ. վերջերից սկսած՝ հայ պատմագրությունը վերելք է ապրում: Զարգացած միջնադարում առաջացան հայ պատմագրության նոր ժանրեր՝ տիեզերական (համաշխարհային) պատմությունը և տարեգրությունը: Վերջինիս դեպքում պատմությունը շարադրում էին համառոտ՝ ըստ ժամանակագրական հերթականության:
Հայոց պատմության շարքը շարունակում է նշանավոր հասարակական–քաղաքական գործիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին: Նա իր «Պատմութիւն Հայոց» աշխատության շարադրանքը սկսում է Հայկի ու Բելի ավանդությունից և հասցնում իր ապրած ժամանակաշրջանը՝ X դարի առաջին տասնամյակները:
Հայոց պատմության շարքի հաջորդ պատմագիրը Արիստակես Լաստիվերցին է (XI դ.): Նրա «Պատմութիւն» աշխատությունը ներառում է 1000–1071 թթ. ժամանակաշրջանի իրադարձությունները՝ հայ–բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները:
XIII դ. պատմագիր է Կիրակոս Գանձակեցին: Նրա «Հայոց պատմությունն» ընդգրկում է քրիստոնեության ընդունումից մինչև 1265 թ. ընկած ժամանակահատվածը:
Հայ պատմագրության մեջ համաշխարհային պատմության շարադրանքի ժանրը՝ որպես նոր ուղղություն, հիմնադրել է Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ) (X դ. երկրորդ կես – XI դ. սկիզբ): Նրա աշխատությունը կոչվում է «Տիեզերական պատմություն»:
Համաշխարհային պատմություն շարադրելու երկրորդ փորձը կատարեց XIII դ. նշանավոր մատենագիր Վարդան Արևելցին։ Նրա «Տիեզերական պատմություն» աշխատությունն ընդգրկում է «անսկիզբ» ժամանակներից մինչև 1267 թվականը:
X–XIV դդ. հայ պատմագրության մեջ շարունակվում էր Հայաստանի առանձին տարածաշրջանների պատմության շարադրանքը: Այս ժանրի հիմ- նադիրը, արդեն ասվել է, Մովսես Կաղանկատվացին էր։
Այս ժանրով ստեղծագործող հաջորդ պատմիչը Թովմա Արծրունին էր (IX դ. երկրորդ կես – X դ. սկիզբ): Նրա «Արծրունիների տան պարմություն» աշխատությունը նվիրված է Վասպուրական նահանգի ու Արծրունիների տոհմի պատմությանը:
XIII դ. երկրորդ կեսի նշանավոր եկեղեցական–քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը նվիրված է Սյունիք նահանգի պատմությանը:
Հայ պատմագրության մեջ ժամանակագրություն ժանրի հիմնադիրը Մատթեոս Ուռհայեցին է (XI–XII դդ.)։ Նրա «Ժամանակագրությունը» ներառում է Առաջավոր Ասիայի X–XII դդ. պատմությունը:
XIII դ. նշանավոր ժամանակագիր էր Կիլիկյան Հայաստանի պետական գործիչ, օրենսգիր Սմբատ Գունդստաբլը։ Իր «Տարեգիրք» աշխատությունում նա համառոտ շարադրում է Բագրատունյաց թագավորության շրջանի իրադարձությունները, իսկ առավել մանրամասն՝ Կիլիկյան Հայաստանի պատմության դեպքերը և երևույթները:
X–XIV դդ. հայ պատմիչների և ժամանակագիրների աշխատությունները կարևոր սկզբնաղբյուր են ոչ միայն հայ ժողովրդի, այլև Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։