Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ

Հայերը Կիլիկիայում։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Փոքր Ասիայի հարավ–արևելքում՝ Կիլիկիայում, առաջացավ հայկական նոր պետականություն: Կիլիկիան հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները:

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն են հաստատել Կիլիկիայում:

XI դ. կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում` կապված սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ: Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը:

Արդեն XI դ. երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկիայում, ուր ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։

Կիլիկիայում և հարակից շրջաններում հաստատված հայ իշխանների մի մասը ծառայության էր անցնում Բյուզանդական կայսրությունում: Որոշակի տարածքների կառավարումը հանձնվում էր նրանց: Այդ կերպ Բյուզանդիան աշխատում էր ամրապնդել կայսրության արևելյան սահմանները: Այսպես՝ Ապլղարիպ Արծրունին 1042 թ. նշանակվեց Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Նրան հանձնվեցին մի շարք քաղաքներ ու բերդեր: Հետագայում Ապլղարիպ Արծրունին Լամբրոն բերդը և շրջակա գյուղերը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին: Նրանից էլ սերում է Հեթումյան իշխանական տունը:

Բյուզանդական բանակում ծառայող իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն (1072–1090 թթ.)` Մարաշ կենտրոնով: Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնել սելջուկների առաջխաղացումը:

Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելքում ընդարձակ հայկական մեկ այլ իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը՝ Քեսուն կենտրոնով (1082–1117 թթ.):

Ռուբինյան իշխանության առաջացումը։ Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը:

1080 թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Ռուբեն I–ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095–1100 թթ.): 1098 թ. նա բյուզանդացիներից ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոստանդինը ստիպված էր պայքարել երկու ճակատով: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը:

Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները: Սակայն խաչակիրների և հայերի փոխհարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին:

Մանազկերտի ճակատամարտից հետո Փոքր Ասիայում սելջուկները ստեղծել էին նոր պետություն՝ Իկոնիայի սուլթանությունը։ Սելջուկները և այդ տարածքում հաստատված թուրքմենական տարբեր ցեղեր Կիլիկիայի համար դարձան վտանգավոր հարևաններ:

Դաշտային Կիլիկիան նվաճելուց հետո խաչակիրները շարժվեցին դեպի Ասորիք և Պաղեստին: Այնտեղ նրանք հիմնեցին չորս խաչակրաց պետություններ (կրկնե՛ք համաշխարհային պատմության համապատասխան դասը):

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար։ Լեռնային Կիլիկիայում ձևավորված Ռուբինյան պետության հետագա գոյատևման համար կարևոր էր Դաշրային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր ձեռք բերել գյուղատնտեսության համար կարևոր կենսական տարածքներ և առևտրական ճանապարհների վրա ընկած քաղաքներ, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերի նավահանգիստները: Այս խնդիրները լուծելու համար Ռուբինյանները պայքարի մեջ մտան Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների դեմ:

Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս I–ը (1100–1129 թթ.): Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, 1104 թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա, Անարզաբա) քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք:

Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107 թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին և դուրս քշեցին երկրից:

Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն I–ը (1129–1137 թթ.): Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկիային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները։ Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:

Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի կորստի հետ: 1137 թ. գարնանը բյուզանդական մի մեծ բանակ կայսեր գլխավորությամբ գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Ի վերջո Վահկան ևս հանձնվեց: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կ. Պոլիս:

Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալուց:

Ռուբինյան իշխանության վերականգնումն ու ամրապնդումը: Գերված Լևոնը մահացավ բանտում, իսկ Ռուբենին կայսեր հրամանով մահապատժի ենթարկեցին: Թորոսը փախուստի դիմեց, վերադարձավ Կիլիկիա և գլխավորեց հայ ժողովրդի ազատագրական պայքարը: Նրան միացան նաև երկու եղբայրները Մլեհը և Ստեփանեն, ովքեր կարողացել էին խուսափել գերությունից: Թորոս II–ը (1145–1169 թթ.) իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին, Տարսոնին: 1152 թ. Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը: Մթության քողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Այսպես Թորոս II–ը վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը։

Մլեհ (1169–1175 թթ.)։ Թորոս II–ին հաջորդեց եղբայրը՝ Մլեհը: Երկրի ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները:

Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց երկրի մայրաքաղաք։ Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանն ու հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի որդի Ռուբեն III–ը (1175–1187 թթ.): Օգտվելով Բյուզանդիայի և Իկոնիայի սուլթանության միջև եղած թշնամանքից՝ նա գրավեց նաև Կիլիկիայի արևմտյան շրջանները: Այսպես Կիլիկիայում վերացվեցին բյուզանդական տիրապետության վերջին հենակետերը։

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Լևոն II–ի իշխանության շրջանը։ XII դ. վերջին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխություններն իրենց ազդեցությունն ունեցան Կիլիկյան Հայաստանի վրա:

Այդ ժամանակ հզորացել էր Եգիպտոսի սուլթանությունը: Սուլթան Սալահ ադ Դինը պայքար սկսեց խաչակիրների դեմ և 1187 թ. նրանցից գրավեց Երուսաղեմը:

Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը նույնպես վերելք էր ապրում: Երկու սուլթանություններն էլ թշնամաբար էին տրամադրված Կիլիկիայի նկատմամբ: Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան շրջանների համար լարված էին նաև Անտիոքի իշխանության և Կիլիկիայի փոխհարաբերությունները:

Այսպիսի բարդ իրավիճակում Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցավ Ռուբենի եղբայր Լևոն II–ին (1187–1219 թթ.):

Երուսաղեմը մահմեդականներից կրկին հետ գրավելու համար 1189 թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոն II–ը կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ: Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, որի դիմաց կայսրը նրան թագ խոստացավ: Սակայն արշավանքի հենց սկզբում Ֆրիդրիխ I–ը խեղդվեց Կիլիկիայի գետերից մեկում, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:

Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից խնդիրներ ծագեցին Անտիոքի իշխանության և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի իշխանը Լևոնին հրավիրեց Անտիոք: Իրականում նրա նպատակը Հայոց իշխանին ձերբակալելն էր: Իմանալով այս մասին՝ Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Անտիոքի իշխանին։

1194 թ. Սիս քաղաքում Կիլիկիայի և Անտիոքի միջև հաշտության պայմանագիր կնքվեց: Անտիոքի իշխանությունը Կիլիկիային վերադարձրեց նրանից խլված տարածքները, որի դիմաց Լևոնն առանց փրկագնի ազատ արձակեց Անտիոքի իշխանին: Լևոնը փորձեց Անտիոքի իշխանական տան հետ ամուսնական կապեր հաստատելով՝ այդ իշխանությունը միացնել Կիլիկիային:

Թագավորության հռչակումը: Եգիպտոսի հզորացումից ու Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր: Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ: Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ: Նա բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI–ի հետ: Այս անգամ դրանք հաջողությամբ պսակվեցին: 1197 թ. Հենրիխ VI–ը թագ ուղարկեց Լևոնին: Նրան թագ էր ուղարկել նաև Բյուզանդիայի կայսրը:

Լևոն II–ը մեծ հանդիսավորությամբ Հայոց թագավոր օծվեց 1198 թ. հունվարի 6–ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր տաճարում: Նրան թագավոր օծեց հայոց կաթողիկոս Գրիգոր Զ–ն։ Լևոն II իշխանը թագադրվելուց հետո սկսեց հիշատակվել նաև Լևոն Մեծագործ պատվանունով:

Լևոն Մեծագործի քաղաքականությունը: Լևոն II արքայի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: 1202 թ. նա Լամբրոնի իշխան Հեթումին հրավիրում է Տարսոն և բանտարկում: Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է արքունիքին: Կիլիկիան ցամաքային և ծովային առևտրական ճանապարհների խաչմերուկում էր, ուստի Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ:

Լևոն II–ի կարևոր խնդիրներից մեկն Անտիոքի գահաժառանգության համար մղվող պայքարն էր: Կիլիկիայի և Անտիոքի միջև սկսվեց երկարատև պայքար: 1216 թ. Լևոնը գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն–Ռայմոնդին, որին հռչակել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ: Սակայն շուտով նրա գործունեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

Լևոն Մեծագործը մահացավ 1219 թ. իր հաջորդներին թողնելով հզոր պետություն: