Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը։
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ: ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
Հայկական մշակույթի ակունքները։ Հայկական մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում: Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջաններում ծնունդ են առնում առասպելներն ու վիպերգերը, կրոնական հավարալիքներն ու սովորույթները: Դրանցից շատերը պահպանվելով` հասել են մեզ և շատ սիրված են նաև մեր օրերում:
Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթիվ նյութական վկայություններ: Հայաստանի տասնյակ ժայռապարկերներում
հազարավոր
կան ինչպես պարզ կենցաղային (անասնապահական, որսորդական և այլ) տեսարաններ, այնպես էլ երկնային երևույթների ու դիցաբանական սյուժեների պատկերներ, օրացույցներ և այլն:
Հայկական մշակույթի վաղագույն շրջանի բարձր զարգացման մասին են վկայում հնագիտական պեղումները: Հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, դամբարաններ ու ամրոցներ:
Հայկական առասպելները: Առասպելներն աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են: Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ:
Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին: Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին:
Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին: Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ:
Հայ ժողովրդի ստեղծագործական գոհարներից է Վահագն աստծո ծննդյան երգը: Վահագնի մասին պատմվում է, որ նա ոչնչացրել է վիշապներին, որոնք չար ուժեր էին, ուստի կոչվել է Վիշապաքաղ:
Հայության ամենասիրելի ավանդապատումներից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր: Նա պայքարի դուրս եկավ բռնակալ Բելի դեմ, որը ձգտում էր տիրել համայն աշխարհին: Պայքարն ավարտվեց դյուցազուն Հայկի հաղթանակով: Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը` Հայոց բուն տոմարը: Նա պատվիրեց իր ժառանգներին` չերկրպագել ոչ ոքի` բացի Արարիչ աստծուց։
Ըստ հայկական հնամենի ավանդազրույցի` մենք հայ ենք կոչվում մեր նախնի դյուցազուն Հայկի անունով: Իսկ Հայկի ժառանգներից մեկի` քաջ նահապետ Արամի անունով օտարները մեզ կոչում են «արմեն», իսկ մեր երկիրը` «Արմենիա»: Հայկի ժառանգներից էր Տորք Անգեղը։ Առասպելները պատմում են նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը:
Առասպելներում արտացոլված են հայ ժողովրդի հերոսական ոգին, նրա արդարասիրությունն ու պայքարելու կամքը:
ԳՐԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Պատմիչների տեղեկությունները նախաքրիստոնեական հայ գրի ու գրականության մասին: Բոլորին հայտնի է, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցը 405 թ. ստեղծել է հայկական այբուբենը: Բազմաթիվ պատմիչներ վկայում են, որ հայերը սեփական գիր և դպրություն են ունեցել դրանից շատ ավելի վաղ` նախաքրիստոնեական շրջանում (301 թ. առաջ):
Հույն պատմիչ Փիլոստրատոսը վկայում է, որ հայոց Արշակ I արքայի ժամանակ (34–35 թթ.) օգտագործվել են հայկական գրեր: Մեկ այլ հույն պատմիչ` 235 թ. գրված «Ժամանակագրություն» գրքում հայերին հիշատակում է սեփական դպրություն ունեցող ժողովուրդների շարքում: Ագաթանգեղոսը վկայում է ոչ միայն հայկական նշանագրերի, այլև նախաքրիստոնեական Հայաստանում դպրության Տիր աստծո պաշտամունքի մասին: Իսկ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ II–III դարերում Բարձր Հայքի Անի ամրոցում պահվում էր մեհենական պատմագրության դիվանը (արխիվը):
Նախաքրիստոնեական շրջանում մեր նախնիներն օգտագործել են ինչպես սեփական հայալեզու, այնպես էլ օտարալեզու գրեր (այսօր մենք էլ հայերենին զուգահեռ գործածում ենք ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով գրականություն):
Հայկական մեհենագրությունը: Հայաստանում հայտնաբերված նախաքրիստոնեական արձանագրությունների առաջին մեծ խումբը գրված է բնիկ հայկական մեհենագրով (մեհյանների` տաճարների գիր): Մեհենագրությունը մի քանի հարյուր նշաններից բաղկացած գրային համակարգ է: Այդ նշաններն ունեին պատկերների տեսք (ինչպես եգիպտական հիերոգլիֆները): Հայկական մեհենագրության ակունքները գալիս են Հայաստանի ժայռապատկերներից:
Հայկական մեհենագրությունը մեծ մասամբ դեռևս վերծանված չէ: Լավ ուսումնասիրված է միայն Վանի թագավորության շրջանի մեհենագրությունը (չշփոթել սեպագրի հետ): Այն բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Գրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը:
Հայասրանում կիրառված օրար գրահամակարգերը: Նախաքրիստոնեական շրջանում մեր նախնիները ներմուծել և կիրառել են հինգ գրային համակարգեր: Դրանցից առաջինը խեթա–լուվիական հիերոգլիֆներ են, որոնք պատկերագրեր էին: Այնուհետև Վանի թագավորության շրջանում կիրառվել է ասուրա–բաբելական սեպագիրը: Այն Հայաստանում բարեփոխման է ենթարկվել, և ստեղծվել է տեղական (ուրարտական) սեպագիրը: Նախաքրիստոնեական Հայաստանում գործածվել է երկու այբուբեն` հունականը և արամեականը:
Նախաքրիստոնեական Հայաստանում ստեղծված գրավոր մշակույթն իր բարերար ազդեցությունն ունեցավ մաշտոցյան դպրության վրա: Հազարամյակների ընթացքում ստեղծվել էր հղկված և ճոխ մի լեզու, որի հիմքի վրա Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը ստեղծեցին հայոց դպրության ոսկեդարը: