Մայիսյան հերոսամարտերը։
ՄԱՅԻՍՅԱՆ ՓԱՌԱՀԵՂ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ
Պատերազմի վերաճումը թուրք–հայկականի։ 1918 թ. գարնանը թուրքերը 50–հազարանոց զորք էին կենտրոնացրել Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան:
Անդրկովկասի նորահռչակ պետության կառավարությունը Բաթումի անկումից հետո ճակատային զորքերին հրամայեց դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ մայիսի 11–ից Բաթումում վերսկսեց Թուրքիայի հետ ընդհատված բանակցությունները:
Առանձին հայկական կորպուսը լի էր թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու վճռականությամբ: Հայ–վրաց–թաթարական միացյալ ուժերով հաջողությամբ կլուծվեր այդ խնդիրը, սակայն մենշևիկներն ու մուսավաթականները շարունակեցին իրենց հակահայ քայլերը: Մինչդեռ ԱԺԴՀ–ն ներկայանում էր իբրև երեք ժողովուրդների դաշնային պետություն:
Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ: Արդյունքում՝ 1918 թվականի ապրիլի 12 (25)–ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին:
Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը:
Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:
Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը:
Թուրք–հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը։ Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
Սարդարապարի և Բաշ Ապարանի ճակարամարտերը։ Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան: Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյան զորախումբը համախմբվեցին՝ թշնամու դեմ կռվելու համար:
Հաղթանակի կոփման գործում մեծագույն ներդրում ունեցավ 1918 թ. մարտի 24–ին Երևանի նահանգի դիկտատոր հաստատված Արամ Մանուկյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց Ս. Էջմիածնում՝ ժողովրդի ու զորքի կողքին:
Մայիսի 19–ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապարի ուղղությամբ կռվում էր 5500–ը։ Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։
Մայիսի 21–ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին` հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Մ. Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան:
Այդ օրհասական պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները, կանայք ու պատանիները, հոգևորականները: Գնդապետ Դանիել Բեկ–Փիրումյանն իր զորամասերին նախապատրաստեց հակահարձակման: Մարտից առաջ կրակոտ ճառ ասաց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը։
Մայիսի 22–ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր:
Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո: Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22–ից մինչև 28–ը, թշնամին կորցրեց 3500 զինվոր և նահանջեց մոտ 60 կմ: Թուրքերը խուճապահար անցան Ախուրյանի աջ ափը: Առջևում Ալեքսանդրապոլն ու Կարսն էին:
Մայիսի 29–ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները:
Սարդարապատի ճակարամարտն ավարրվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում: Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջը:
Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից 5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը: Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին մինչև մայիսի 29–ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին թշնամուն: Բաշ Ապարանի հաջողությունը հայոց զորքի երկրորդ խոշոր հաղթանակն էր:
Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո Առանձին հայկական կորպուսի ուժերի մի մասը, որ շարժվել էր դեպի Ղարաքիլիսա, մայիսի 22–ին նահանջեց Դիլիջան: Անդրանիկը, ում հանձնարարված էր պահել Ղարաքիլիսայից հյուսիս ընկած տեղամասը, հետ մղեց թուրքական երեք հարձակում, ապա անցավ Դսեղ:
Դիլիջանում, ստանալով Սարդարապատի առաջին հաղթանակի լուրը, ժողովուրդն ու հայկական զորամասերը ոգևորվում են: Մայիսի 25–ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայկական կողմն ուներ 7 հազար կռվող, իսկ թուրքերը՝ 10 հազար:
Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհն՝ իր ջոկատով: Այդպես սկսվեց Ղարաքիլիսայի հերոսամարտը: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով հարձակման անցավ և մայիսի 30–ին գրավեց Ղարաքիլիսան:
Ղարաքիլիսայի ճակարամարտը կարևոր նշանակություն ունեցավ: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը:
Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության:
Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր:
Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. hnıնիսի 4–ին կնքել հաշտության պայմանագիր:
Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով: