Մայրենի
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
Օրը մթնեց
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Կալերի մեջ ծղոտաբույր
Թիկնոցը հագած
Նինջ էր մտնում ամառային
Օրը վաստակած:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով-
Կրտսեր ու ավագ:
Նստում էին ու սպասում
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը զրնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցնում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան
Պարզ ու միամիտ…
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
- Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:
Չկա
- Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:
Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ,
Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա:
Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե:
Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած:
Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.-
Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:
- Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:
գարշապարնուն -Ոտքի կրունկ
խորան-Փոքրիկ սենյակ բեմի երկու կողմերում
- Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
- Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ,
- Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր:
Leave a Reply