Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:
Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:
Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:
Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։
Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը
Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։
Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։
Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։