Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

ՄԵԾ ՀԱՅՔԸ I ԴԱՐԻ ՎԵՐՋԻՑ ՄԻՆՉԵՎ III ԴԱՐԻ ՍԿԻԶԲԸ

Սանատրուկ II։ Տրդատ I–ին հաջորդած Սանատրուկ II–ը (88–110 թթ.) փայլուն տիրապետում էր ռազմարվեստին: Նրա օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց Մծուրքը: Ըստ Հռոմի և Պարթևստանի պայմանավորվածության` Հայաստանում գահակալում էր միայն այն անձնավորությունը, ով ստանում էր երկու կողմերի համաձայնությունը: Երբ խախտվում էր այդ պայմանավորվածությունը, Հայաստանը դառնում էր թեժ պայքարի թատերաբեմ:

Վաղարշ I: Վաղարշ I Արշակունու (117–140 թթ.) օրոք Արարատյան դաշտում գտնվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի: Նրա անունով այն կոչվեց Վաղարշապատ: Արքունիքը տեղափոխվեց նոր մայրաքաղաք:

Վաղարշ I–ից հետո Հռոմեական կայսրությունը Հայաստանի թագավոր նշանակեց Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ով հայտնի էր նաև Տիգրան անունով:

Արշակունիների ժառանգական իշխանության հաստարումը: Մեծ Հայքում գահակալած Վաղարշ II–ի ժամանակներից (185–198 թթ.) Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դարձավ ժառանգական` թագը հորից անցնում էր որդուն: Վաղարշ II–ը շարունակում է Վաղարշապատի կառուցապատումը և ամրությունների ստեղծումը: Նա պաշտպանում է երկիրը Կովկասի լեռնական ցեղերի հարձակումներից, որոնց դեմ մղած պայքարում էլ զոհվում է:

Վաղարշ II–ին հաջորդում է որդին՝ Խոսրով I–ը (198–215 թթ.): Նա հոր մահվան վրեժը լուծելու նպատակով հայոց զորքով արշավում է նույն լեռնական ցեղերի դեմ և ջախջախում նրանց։ Հռոմեական կայսրը, որոշելով կայսրությանը ենթարկել Հայաստանը, խաբեությամբ Ասորիք է հրավիրում Խոսրով I–ին, ձերբակալում և ուղարկում Հռոմ։ Հայաստանում գահակալած Խոսրովի որդու` Տրդատ II–ի (216–252 թթ.) գլխավորությամբ հայերը ջախջախում և երկրից վտարում են հռոմեական զորքը: Այդ ընթացքում Հռոմում բանտարկության մեջ մահացել էր Խոսրով I–ը։ Հայ–հռոմեական հարաբերությունները բարելավելու նպատակով Հռոմի նոր կայսրը թագ է ուղարկում Տրդատ II–ին: Պարթևստանում գահակալական կռիվներից թուլացած պարթև Արշակունիները չեն կարողանում դիմակայել Սասանյաններին: 226 թ. Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը: Այդ ժամանակվանից մեր հարևան երկիրը հայտնի է Պարսկաստան անունով:

Պարթև Արշակունիներին պաշտպանող հայ Արշակունիները դարձան Սասանյանների հարստության հակառակորդը: Արտաշիր I Սասանյանի փորձը՝ տապալելու նաև Հայաստանում գահակալող Արշակունիներին, ավարտվում է պարտությամբ:

 III դ. կեսերին Սասանյան արքա Շապուհ I–ը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ II–ը ստիպված հեռանում է Հռոմեական կայսրություն:

Հայոց գահին նստում է Խոսրով II–ը: Պարսից արքան, պարտություններ կրելով հայոց Խոսրով թագավորից, Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին` Խոսրովին սպանելու հանձնարարությամբ: Իբրև թե պարսից հետապնդումներից խուսափելով՝ Անակը ներկայացել էր հայոց արքա Խոսրովին, որը նրան իր ընտանիքով բնակեցրել էր Արտազ գավառում: Հայաստան գալուց և որդու` Գրիգորի ծնվելուց երեք տարի անց Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին: Իսկ Անակին իր մերձավորների հետ սպանում են հայ զորականները Երասխ գետի Տափերական կամրջի մոտ: Անակի որդուն` Գրիգորին, դայակները փախցնում են Կապադովկիայի Մաժակ–Կեսարիա քաղաքը: Իսկ Խոսրովի որդուն` Տրդատին, դայակները, փախցնելով պարսկական հետապնդումներից, տանում են հռոմեական կայսեր արքունիք:

Սասանյանների նվաճողական քաղաքականության հետևանքով՝ 260–ական թթ. կեսերից հայոց գահը զավթում են պարսից դրածո մի քանի թագաժառանգներ:

Օտար գահակալներն իրենց զավթումները Հայաստանում դյուրացնելու նպատակով ձգտում էին հայերին պարտադրելու զրադաշրականությունը, որը Պարսկաստանում պետական կրոն էր:

Հայոց գահը զավթած պարսից արքայազն Որմիզդ–Արտաշիրի հրամանով պարսից մոգերը կործանում էին հին հայոց տաճարները: Արմավիրում կանգնեցված և այնտեղից Բագարան, այնուհետև Արտաշատ տեղափոխված արձանները, որ հնում քանդակվել էին ի հիշատակ հայոց նախնիների, Արտաշիրը հրամայել էր կործանել: Նրա հրամանով նաև Արտաշես I–ի սահմանաքարերի գրություններն անվանափոխում էին` «Արտաշիրական»: Այսինքն` պարսից մոգերը հին հայոց սրբավայրերը և նախնիներին նվիրված հուշարձանները պղծում կամ ավերում էին:

ՏՐԴԱՏ III–Ի ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում: Նա մեծ սխրագործություններ է կատարել նաև մարտադաշտում: Ամենահիշարժանը 276 թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ: Հռոմեական կայսրը, Տրդատին մեծ պատիվների արժանացնելով և պարգևներ տալով, թագադրում և հռոմեական օգնական զորքով ճանապարհում է Հայոց աշխարհ:

Տրդատը վերադառնում է 287 թվականին և միառժամանակ թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում: Երբ Տրդատը դեռևս Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը: Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր` Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար:

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը: Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում: Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ III–ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում՝ Խոր վիրապում: Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի:

Հռոմեացիների հետապնդումներից փախչելով` Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան: Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան: Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը: Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը: Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին, և նա ծանր հիվանդանում է:

Արքայաքույր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը: Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել: Խոր վիրապից դուրս գալով՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին, սկսում է քրիստոնեական քարոզչություն կատարել:

Տրդատ III Մեծի գահակալությունը Մեծ Հայքում: Տրդատը բազում սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս, այնպես էլ Պարսկաստանի սահմաններում:

Այդ ընթացքում սրվել էին պարսկա–հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի: 296 թ. պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան: 297 թ. Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ հայ–հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին: Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

298 թ. – Մծբինում կնքվում է հռոմեա–պարսկական 40–ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։