Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հայկական թագավորությունների անկախացումը: Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք. ա. 190 թ. տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից: Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով` Ք. ա. 189 թ. Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը: Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը:

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը: Ք. ա. 180–ական թթ. Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր: Քիչ ավելի ուշ` Ք. ա. 163 թ., անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր: Այդպիսով` Ք. ա. II դարից կային չորս հայկական թագավորություններ` Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն:

Արտաշես I–ը և հայկական հողերի միավորումը: Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը: Ք. ա. 201–190 թթ. ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս: Առիթից օգտվել էին նաև հարևան պետությունները` նվաճելով հայկական մի շարք տարածքներ:

Արտաշես I–ի (Ք. ա. 189–160 թթ.) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը: Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ` Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:

Փաստորեն, Արտաշես I–ը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը: Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»:

Զարեհի մահվանից հետո Արտաշես I–ը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքի թագավորությունը: Դա, սակայն, չհաջողվեց: Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես I–ի թոռը` Տիգրան II Մեծը:

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես I–ը հասավ լուրջ ձեռքբերումների: Ք. ա. 183–179 թթ. Փոքր Ասիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ: Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր` Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար: Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես I–ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին: Նրա նպատակը հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր:

Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությանը թուլացնելու քաղաքականություն: Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես I–ն անմիջապես օգնեց նրան իր զորքերով:

ԱՐՏԱՇԵՍ I–Ի ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

Վարչական և ռազմական բարեփոխումները: Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես I–ը մեծ բարեփոխումներ կատարեց:

Նա հայկական բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի չորս կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես I–ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին (ապագա Արտավազդ I–ին) նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրարունուն։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Սովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմասրուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես I–ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը։ Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես I–ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` նրա օրոք Հայոց աշխարհում «անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես I–ն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանից: Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք. ա. 185 թվականին։ Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը։ Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով՝ հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում:

Արտաշես I–ը իր մեծագործությունների համար փառաբանվել է ժողովրդական երգերում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը: