Մի մրահոն աղջիկ տեսա…
Ավետիք Իսահակյան
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև՝ արևներ սև:
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
Leave a Reply