Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ
ՊԱՅՔԱՐԸ ՍՄԲԱՏ I–Ի ԵՎ ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՕՐՈՔ
Սմբատ I–ի պայքարը պետականության պահպանման համար: Աշոտ I–ը մահացավ 890 թ. և իր հաջորդ Սմբատ I–ին (890–914) թողեց ամուր և միավորված երկիր: Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին ու արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը՝ ճկուն դիվանագիտությամբ խուսանավելով Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության միջև: 892 թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս:
Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը: Ըստ պատմիչ և Հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու՝ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վիրք, հարավում՝ Տավրոսի լեռներ: 892 թ. Սմբատ I–ն օգնեց վրացիներին և Վիրքից դուրս վտարեց արաբներին: Նրա օժանդակությամբ վրաց Բագրարունիներից Արրներսեհը դարձավ Վրաստանի թագավոր։
893 թ. Սմբատ I–ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ: Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ: Այս աղետին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի շեշտակի վատթարացումը։ Հայ–բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությանը: Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան, գրավեց Նախճավանը, ապա՝ ավերված Դվինը:
894 թ. Արագածոտն գավառի Դողս գյուղում հայոց զորքերը Սաջյան ամիրայի նկատմամբ տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից:
Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը, հաջողության չհասնելով ռազմական ճանապարհով, փորձեց օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը: X դ. սկզբին Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի նախարարական տների միջև վեճ էր ծագել Նախճավան գավառի պատկանելության շուրջ։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց նախարարների. Նախճավանը հանձնվեց Սյունիքին: Օգտվելով առիթից` 908 թ. Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան խալիֆի միջոցով ճանաչեց Հայաստանի թագավոր:
Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ: Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակն անհաջողություն կրեց: Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին: Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը: Հակաարաբական պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը: Յուսուֆը Հայոց թագավորին բերեց Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց հրամայել զենքը վայր դնել ու հանձնվել: Բայց քաջարի արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը: Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին: Երկրի վրա կախվեց պետականությունը կորցնելու լուրջ վտանգ:
Արաբների դեմ պայքարի հաղթական ավարրը: Աշոր Երկաթ: Կապույտ բերդի անկումից հետո արաբներն սկսեցին ավերել երկիրը: Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց նորաստեղծ թագավորությունը պահպանելու համար: Պայքարի գլուխ անցավ Սմբատի որդին՝ Աշոտ II–ը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (914–928)։ Ատրպատակա նի ամիրայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը տևեց մեկ տասնամյակից ավելի։ Աշոտի շուրջ համախմբվեցին բազմաթիվ հայ իշխաններ: Վերակազմվեց բանակը։
921 թ. Աշոտ Երկաթը ամրացավ Սևանա կղզում: Արաբ զորավար Բեշիրի զորքը շրջապատեց կղզին: Հայոց թագավորը հրամայեց հայ զինվորներին նավակներով մոտենալ ափին՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք անզեն են և պատրաստվում են անձնատուր լինելու: Սակայն դեռ ափ չհասած` Աշոտի զինվորները հանեցին իրենց թաքցրած նետ ու աղեղները և նետահարեցին հանկարծակիի եկած արաբներին: Սևանի հաղթական ճակատամարտը մեծ ոգևորություն առաջացրեց երկրում: Սևանից նահանջող արաբները Գառնիի մոտ նոր պարտություն կրեցին զորավար Գևորգ Մարզպերունու փոքրաթիվ ջոկատից:
Աշոտ II Երկաթն իր գահակալության մեծ մասն անցկացրեց պատերազմներում, սակայն կարողացավ իրականացնել նաև որոշակի շինարարական աշխատանք: Նա իր թագադրության վայրը` Երազգավորսը, ընդարձակեց և դարձրեց մայրաքաղաք: Այս ժամանակաշրջանի դեպքերն իրենց գեղարվեստական ար-| տացոլումն են գտել հայտնի վիպասան Մուրացանի «Գևորգ Մարզպերունի» պատմավեպում:
Կենտրոնական Հայաստանի տարածքն արաբներից մաքրելուց հետո Աշոտն ու նրա եղբայր Աբասն իրենց զորքով մտան Վրաստան և հաղթա-| նակ տարան Տփղիսի (Թիֆլիսի) ամիրայի նկատմամբ: Այս գործողությամբ ավելի ամրապնդվեց հայ և վրաց Բագրատունիների քաղաքական դաշինքը: 922 թ. Բաղդադի խալիֆը ոչ միայն թագ ուղարկեց Աշոտին, այլև նրան ճանաչեց շահնշահ (արքայից արքա) Հայոց, Վրաց և Աղվանից: Դա նշանակում էր, որ Հայոց թագավորը գերապատվություն էր ստանում ինչպես հարևան երկրների, այնպես էլ Վասպուրականի թագավորի ու արաբական ամիրա-| յությունների նկատմամբ: Արաբները մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից:
Աշոտի գահակալության վերջում երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան: