Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ։
ՎԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Արգիշտի I հզոր արքան: Վանի տերությունը Արգիշրի I–ի օրոք (Ք. ա. 786–764 թթ.) հասավ աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս:
Արգիշտի I–ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից` հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը: Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր: Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են»:
Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի I–ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները: Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի I–ի անվամբ սեպագիր արձա նագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում: Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Գուգարքի Թռեղք գավառում:
Արգիշտի I–ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր: Դրանցից
նշանավոր
էր Էրեբունին (Ք. ա. 782 թ.)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք–ամրոց` Արգիշրիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ): Դրանք դարձան Արգիշտի I–ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:
Ամփոփելով Արգիշտի I–ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները` տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու` մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ): Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ:
Չորս ծովերի տերությունը: Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի II–ի օրոք (Ք. ա. 764–735 թթ.): Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը:
Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով` ներառելով Կուլխա (Կոլխիդա) երկիրը: Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին. առաջին անզամ սեպազիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի II–ը: Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում` Փոքր Ասիա: Սարդուրի II–ը հարավում վերագրավեց Բաբելոնիան` ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ–արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը: Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն:
Այսպիսով՝ Արգիշտի I–ի և Սարդուրի II–ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր: