1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը

1826–1828 թթ. ռուս–պարսկական պարերազմը

1826 թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ: Սկսվեց ռուս–պարսկական նոր պատերազմ:

Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը: Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության: Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար:

Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց: Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից:

Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը: 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ` ազգային դրոշներով, հայ հրամանատարներով: Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները:

1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Վիրահայոց հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով` մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը:

Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոսրոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում: Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ:

1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը: Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ: Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ:

Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից: Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը:

Թուրքմենչայի պայմանագիրը: Պարսկահայերի վերաբնակեցումը: 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ: Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց: 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Շահը ստիպված հաշտություն խնդրեց:

1828 թ. փետրվարի 10–ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր: Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում: Ռուս–պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով: Պարսկահայք

նահանգը՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով, վերադարձվեց պարսիկներին:

1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը: Շուրջ 40–42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից: Աղքատներին դրամական որոշ օգնություն տրվեց բնակարաններ կառուցելու համար:

Հայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ: Փաստորեն շահ Աբասի կողմից Պարսկաստան բռնագաղթված հայության մի մասը կրկին վերադարձավ իր հայրենի շեները: Այդ զանգվածային վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական պատկերը: