Ձմեռ(շարադրություն)

Վաղն արդեն սառը ձմեռ է։ Ձմռանը գրեթե միշտ ցուրտ ու սպիտակ է։ Ձմռանը մարդիկ սառը ժամանակ տաք վառարաններով տաքացնում են իրենց տները։ Ձմեռը շատ գեղեցիկ է, երբ ամբողջ բնությունը պատված է սառը, արծաթագույն և փափուկ ձյունով։ Այդ արծաթափայլ ձյան տակ թաքնվում է քնած բնությունը։ Ուրախ երեխաները իրար հետ ձնագնդիկ են խաղում, սպիտակ ձյունից ձնեմարդ են պատրաստում, իսկ հոգսաշատ մեծերը աշխատում են։ Մարդիկ չեն ուզում մրսել, դրա համար նրանք տաք են հագնվում և իրենց երեխաներին նույնպես տաք են հագցնում։
Սառնաշունչ ձմռան վատ կողմերից մեկը սառույցն է։ Ջերմ արևի տաք շողերը հալեցնում են փափուկ ձյունը և այն վերածում կեղտոտ ջրի, իսկ սառը եղանակային պայմաններում այդ ցեխաջուրը դառնում է հայելային սառույց։ Այդ պինդ սառույցը հիմնականում վտանգավոր է։ Դրա վրա անուշադիր մարդիկ անզգուշորեն քայլելուց կարող են սայթաքել ու վնասել իրենց։ Բացի այդ բարձր կտուրներից երկար-երկար սառցալուլաներ են կախվում, որոնք ևս վտանգավոր են, քանի որ նույնիսկ փոքր տաքության դեպքում կարող են կախված տեղից հալվել, պոկվել ու ընկնել մարդկանց վրա։
Բայց երեխաները անհամբեր են սպասում ձմռանը, քանի որ այդ ցուրտ եղանակին նրանց ամենասիրելի տոնն է՝ Նոր տարին։ Այդ գեղեցիկ ու գույնզգույն տոնի ժամանակ հյուր է գալիս Ձմեռ Պապը։ Այդ սպիտակահեր և կարմրաթուշ հյուրը երեխաներին զանազան նվերներ և ուրախություն է բերում։ Մեծահասակները այդ տոնի ժամանակ ամփոփում են իրենց անցած տարին և սկսում նորը՝ նոր հույսերով ու երազանքներով։