Ուղղաթիռ
Ուղղաթիռ, ուղղաձիգ վերսլաց-վայրէջքով՝ օդից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ուղղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող պտուտակները։ Ուղղաթիռի հնացած անվանումն է հելիկոպտեր։ Ուղղաթիռը կատարում է ուղղաձիգ վերսլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Ըստ սկզբունքային սխեմաների ուղղաթիռները լինում են միապտուտակ, երկպտուտակ և բազմապտուտակ։ Դրանցից առավել տարածված են պոչային պտուտակով միապտուտակ (առանց թևի և թևով), երկպտուտակ համառանցք և երկայնական սխեմայով ուղղաթիռները։ Ճիշտ է՝ մարդատար և բեռնատար ինքնաթիռները թռչում են ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում են ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ են ծախսում, բայց չեն կարող ուղղաթիռի նման կախված մնալ օդում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության` ցանկացած փոքր հարթակում: