Երկկենցաղներ

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ: Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը: Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին: