Աչք
Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով, ինչպես այս օրինակում։
