Աղվեսների մասին
ՀՀ բոլոր մարզերում տարածված է աղվես սովորականը (V. vulpes), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։
Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով։ Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։
Ընդհանուր տեղեկություններ
Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։
Leave a Reply