Հայկական լեռնաշխարհը

Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան: Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը:

Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները: Հայերի հայրենիք Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք: Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ: Կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր:

Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է: Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր, Լեռնային կղզի:

Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի:

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ:

Լեռները: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով: Այն ծովի մակարդակից բարձր է 5165 մ: Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ բարձրություն:

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ լեռնագագաթներ: Այդ պատճառով լեռների այդ շարքը՝ լեռնաշղթան, ստացել է Հայկական պար պատկերավոր անունը:

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է: Այն ունի 4096 մ բարձրություն:

Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են: Սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է: Մեր հայրենի տարածաշրջանը շարունակում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԼՃԵՐԸ, ԳԵՏԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Լճերը: Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով: Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան:

Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով: Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916 մ: Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է 20 մետրով:

Վանա լիճը (հնում՝ Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Սուրբ Խաչ եկեղեցով: Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը:

Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճն Ուրմիան է: Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ: Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ:

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը:

Գետերը: Հայկական լեռնաշխարհի բնության առանձնահատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առկայությունը: Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը: Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը:

Արաքսը (հնում՝ Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը:

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտեր:

Բնակլիմայական պայմանները: Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են: Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը: Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա:

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող: Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության զարգացման համար:

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հատուկ որդի տեսակից:

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները: Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն: Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ:

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով: Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի վաղ շըջանի պատմավաըչական բաժանումները: Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք. ա. III—II հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների: ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը:

Ք. ա. I հազարամյակի սկզբից մեր երկիրը թևակոխել է նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորություննեըի դարաշրջան: Այդ ժամանակաշրջանի սկզբում՝ Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ: Այդ վիճակը փոխվեց Ք. ա. IV դարում:

Մեծ Հայքի և Փոքը Հայքի թագավորություննեըը: Ք. ա. IV դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները:

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ. քառ. կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների: Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան: Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր աշխարհը Այրարատն է: Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում:

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք: Նրանց սահմանաբաժանը Արևմտյան Եփրատն էր: Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ. քառ. կմ:

Հետագա դարերի փոփոխությունները: V դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը: Ստեղծվել են մի քանի թագավորություններ: Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել IX-XII դարերում:

Հայերը XI-XIV դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում: Այն ընդգրկել է մինչև 50 հազ. քառ. կմ տարածք:

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է: Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը:

Ներկայիս Հայաստանի. Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ. քառ. կմ տարածք: Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ: Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ՝ Գուգարքից և Ուտիքից: