Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՅԲՈւԲԵՆԻ ԳՅՈՒՏԸ

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը: Հազարամյակների խորքից եկող հայկական մշակույթը վաղ միջնադարում մեծ վերելք ապրեց: Դրան նպաստեց մայրենի լեզվով գիր ու գրականության ստեղծումը, գիտության և ազգային եկեղեցական ճարտարապետության զարգացումը:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Աստվածաշունչն ընթերցվում էր ասորերեն ու հունարեն, և եկեղեցական արարողությունների ժամանակ ժողովուրդր գրեթե ոչինչ չէր հասկանում:

Մեծ Հայքի թագավորության պարսկահռոմեական բաժանումը վտանգել էր հայ Արշավանիների թագավորության գոյությունը: Անհրաժեշտ էր պաշտպանել հայ ժողովրդի հոգևոր կյանքը: Հենց այդ տագնապալի ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի հովանավորությամբ:

Մեսրոպ Մաշտոցի սկզբնական գործունեությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Կրթություն ստանալով Տարոնում՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով IV-ի արքունիքում անցնում զինվորական ծառայության: Մաշտոցը, փայլուն տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում: Այնուհետև նա որոշում է իրեն նվիրել հոգևոր կյանքին:

Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ: Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ: Սակայն դրա համար անհրաժեշտ էր հայկական գիր գործածել:

Հայ գրերի գյուտը: Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ: Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը: Գումարվում է եկեղեցական ժողով: Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»: Վռամշապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտություն համարելով այդ գործը, և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին:

Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մոտից հայկական նշանագրեր են բերվում Հայաստան: Սակայն հայոց լեզվի կատարյալ հնչյունային համակարգի համար հնարավոր չի լինում դրանք գործածել:

Վռամշապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ամիդ, Եդեսիա ու Սամոսատ քաղաքներ: Նա աշակերտների մի խմբին նախատեսել էր ասորական. իսկ մյուսին’ հունական դպրության համար: Երկար մաքառումներից հետո նրան հաջողվում է Եդեսիայում ավարտին հասցնել իր գործը և 405թ. ստեղծել հայոց այբուբենը:

Հայերեն թարգմանված ու գրված աոաջին նախադասությունն Աստվածաշնչից էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Մեծ Հայք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմավորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում մայրաքաղաք: Սուրբ Մեսրոպ Մաշտոցր ձեռնամուխ է լինում մանուկների ուսուցմանը հայերեն այբուբենով:

Գրերի գյուտի պատմական նշանակությունը: Հայոց լեզվի համար կատարյալ այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունն էր:

Հայ մշակույթի պահպանման և հետագա զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ հայերեն նշանագրերի գյուտը:

Հազարամյակների պատմություն ունեցող հայոց լեզուն IV-V դդ սահմանագլխին այնքան կատարյալ էր, որ Սուրբ Մեսրոպի նշանագրերի գյուտին անմիջապես հաջորդեց համաշխարհային գրական և գիտական երկերի թարգմանությունը: Ստեղծվեցին հայ մատենագրության ու գիտության բարձրարժեք երկեր: Ըստ Եղիշեի Հայաստանում լուսավորչական շարժումն ընթանում էր հետևյալ նշանաբանով. «Լավ է աչքով կույր, քան մտքով»

Մեսրոպ Մաշտոցը նշանագրեր ստեղծեց նաև վրացիների և բուն Աղվանքի ցեղերից գարգարացիների համար:

Դպրոցը և թարգմանչական գործը: Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կրթական աշխատանք ծավալեցին՝ մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով նախ Մեծ Հայքի կենտրոնական նահանգում՝ Այրարատում: Վաղարշապատում հիմնադրվեց առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը, որտեղ պատրաստում էին վարդապետներ՝ ուսուցիչներ: Մաշտոցը հայկական դպրոցներ հիմնեց Արցախում (Ամարասի դպրոցը), Սյունիքում և այլ վայրերում: Սահակ Պարթևի նամակով Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանի հետ ներկայանալով բյուզանդական կայսրին, ստանում է համաձայնություն՝ Արևմտյան Հայաստանում ևս դպրոցներ բացելու վերաբերյալ:

ՈՍԿԵԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ

Պատմագրություն: V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը:

Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է: Այն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440 թ.: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը: Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող, Պատմահայր անուններով:

Խորենացու երկը բաղկացած է երեք գրքից. Առաջին գրքում շարադրված է հայոց նախնի Հայկ նահապետից մինչև Ք. ա. VI դ հայոց մեծերի հերոսությունների պատմությունը: Երկրորդ գրքում մեր նախնիների միջին պատմության շարադրանքն ամփոփված է Ք. ա. VI դ. վերջին քառորդից մինչև IV դարի առաջին քառորդն ընդգրկող պատմությունը: Երրորդ գիրքը կոչվում է «Մեր հայրենի պատմության ավարտը»:

Պատմահայրը գրել է նաև «Աշխարհացոյց» երկը, որը VII դարում շարունակել է Անանիա Շիրակացին։

Կորյուն վարդապետը «Վարք Մաշտոցի» երկը նվիրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին nւ լուսավորչական գործունեությանը։

Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» նվիրված է Սուրբ Գրիգորի ու Տրդատ Մեծ թագավորի կյանքին nւ գործունեությանը, Հայաստանում քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու պատմությանը:

Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի IV դարի սկզբից մինչև 385- 387 թթ. ընդգրկող պատմությունը:

V դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» ու Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» երկերում: Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մшմիկոնյանի գլխավորած հզոր ժողովրդական ապստամբությանը: Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը:

VI դ. մինչև 661 թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»: Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժոդովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգնմանն ուղղված հայ գործիչների ջանքերին:

Մովսես Կաղանկատվացին (VII-VIII դդ.) իր «Աղվանից աշխարհի պատմություն» ում գրել է Հայոց Արևելից կողմանց՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին: Այն կարևոր սկզբնաղբյուր է հայոց պետականության և Կուրի ձախափնյա՝ բուն Աղվանքի պատմության վերաբերյալ:

VIII դ. պատմիչ Ղևոնդն իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ:

Փիլիսոփայություն: Դեռևս IV դարում համաշխարհային ասպարեզում փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչ էր ճարտասան ու մանկավարժ Պարույր Հայկազնը: V դարում Հայաստանում փիլիսոփայության (իմաստասիրություն) ասպարեզում հանդես եկան Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը: Եզնիկ Կողբացին իր «Աղանդների հերքումը» երկում քրիստոնեական հավատքը պաշտպանել է հակադիր ուսմունքներից:

Հայ մեծագույն փիլիսոփա Դավիթ Անհաղթն իր «Իմաստասիրության սահմանումները» երկում մեծ տեղ է հատկացրել բնության ճանաչմանը։ Նա կատարել է գիտությունների դասակարգում՝ ըստ բնագիտության, թվաբանության և աստվածաբանության:

Բնական գիտություններ: Հայ մեծ գիտնական, մաթեմատիկոս, տիեզերագետ, աշխարհագետ Անանիա Շիրակացին (VII դ.) կարևոր դեր է հատկացրել Երկրի ուսումնասիրությանը, որը նոր մակարդակի բարձրացրեց աստղագիտությունը: Շիրակացին հիմնավորել է Երկրի և տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը: Նա գրել է Կենդանակերպի, Ծիր Կաթինի և Խեցգետնի համաստեղությունների մասին: Հետաքրրիր տեղեկություններ է հաղորդում Լուսնի ազդեցության հետ կապված մակընթացությունների և տեղատվությունների, երկրաշարժերի մասին:

Շիրակացու կազմած «Թվաբանություն»-ը աշխարհի հնագույն դասագրքերից է:

Հայաստանի ամբողջական պատկերր ներկայացնող աշխարհագրական և քարտեզագրական անզուգական երկ է Մովսես Խրենացու և Անանիա Շիրակացա «Աշխարհացոյց»-ը:

«Աշխարհացոյց»֊ում նկարագրված են Մեծ Հայքի 15 աշխարհները և Փոքր Հայքը: Մեծ տեղ  է հատկացված արևելյան կիսագնդի՝ հասարակածից հյուսիս ընկած տարբեր երկրներին վերաբերող աշխարհագրությանը։

Հայերը հայկյան շրջանի՝ Բուն հայոց թվականի (Ք. ա. 2492 թ.) կողքին սահմանել են հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11-ը:

Իրավունք և եկեղեցական կանոնական գրականություն: IV դարից աշխարհիկ իրավունքի կողքին Հայաստանում զարգացավ եկեղեցական իրավունքը: Կարևոր էին Գրիգոր Լոաավորչի, Սահակ Պարթևի և մյուս սուրբ հայրերի հաստատած կանոններն ու Հայ եկեղեցու մոդուլներում ընդունված կանոնները:

Հայոց կաթողիկոս Հովհան Գ Օձունեցին կազմել է համաշխարհային պատմության մեջ կանոնական իրավունքի վերաբերյալ առաջին ժողովածուն՝ «Կանոնագիրը հայոց»: