1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը:

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում: Սակայն ռուսական արքունիքը դրանով չբավարարվեց: Սկսվեց նոր պատերազմ Օսմանյան կայսրության դեմ:

1828 թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Ի. Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս: Ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարեցին Կարսի բերդը և հունիսի 23ին գրոհով տիրեցին Կարսին:

Կարսի գրավումն ունեցավ ռազմավարական խոշոր նշանակություն: Դրանից հետո ռուսական զորքերը հուլիս-օգոստոսին գրավեցին Ջավախք գավառը՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան ու Արդահանը:

Ռուսական զորքերի հաղթանակները ոտքի հանեցին Բայազետի հայերին, որոնք կազմում էին տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը: 1828 թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղացի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները:

Անգլիայի հրահրմամբ 1829 թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ: Նրանց հաջողվեց հանկարծակի ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին ու կայազորին: Սակայն Ախալցխայի կայազորը պարետ, գեներալ Վ. Բեհբութովի գլխավորությամբ հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ և նրան փախուստի մատնեց:

1829 թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնուսը, Մուշը, Բաբերդը, Օլթին և այլ վայրեր: Այս պատերազմում ևս հայերը, կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է ազատագրի մահմեդականների լծից, նյութական և ռազմական մեծ օգնություն ցուցաբերեցին ռուսական զորքերին:

Ադրիանուպոլսի պայմանագիրը: Արևմտահայերի զանգվածային վերաբնակեցումը: Ռուս-թուրքական պատերազմը ինչպես Բալկանյան, այնպես էլ Կովկասյան ճակատում ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: 1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր:

Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից ընդարձակ մի տարածք, ինչպես և Ախալցխայի ու Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին: Թուրքական տիրապետության տակ ժողովուրդների համար, ընդհանուր առմամբ, դա նպաստավոր պայմանագիր էր: Բայց այն չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք ձգտում էին արևելահայերի նման միանալու Ռուսաստանին:

Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց: Ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերից: Իր հերթին ռուսական հրամանատարությունն էլ, օգտվելով այդ վիճակից շահագրգռեց հայերին’ վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններում: Այդ մասին հատուկ հոդված մտցվեց պայմանագրի մեջ:

1829-1830 թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանի տիրապետության տակ անցան շուրջ 75 հազար հայեր: Կարինցիները բնակություն հաստատեցին հիմնականում Ախալցխայի և Ախալքալաքի, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիներն ու ալաշկերտցիները՝ Սևանա լճի ավազանում:

Վերաբնակիչները կառուցեցին բնակարաններ, հողը մշակեցին, այգիներ տնկեցին, ջրանցքներ ու ճանապարհներ շինեցին, կենդանություն և շունչ տվեցին բազմաթիվ հին ու նոր բնակավայրերի: Ցարիզմի ցույց տված օգնությունը չնչին էր, ուստի երկար ժամանակ հայ վերաբնակիչները մեծ զրկանքներ կրեցին, և նույնիսկ նրանց մի մասը նորից վերադարձավ Արևմտյան Հայաստան:

Ընդհանուր առմամբ, ինչպես պարսկահայերի, այնպես էլ արևմտահայերի վերաբնակեցումն ունեցավ մեծ նշանակություն. Արևելյան Հայաստանում հայության թիվն աճեց, և այն կրկին վերածվեց հայահավաք կենտրոնի: Սակայն միաժամանակ Պարսկահայքն ու Արևմտահայաստանը կորցրին իրենց հայ բնակչության մի ստվար հատված: