Պատմություն

Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

Ճապոնացիների մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է մ.թ. I դարի չինական ժամանակագրության մեջ։ Երկար ժամանակ այլ ազգերից մեկուսացվածությունն իր ազդեցությունն է թողել Ճապոնիայի պատմության և մշակույթի վրա։
Մ.թ.ա. 500 թվից ներկայիս Ճապոնիայի տարածքում սկսվում է յայոյ ժամանակաշրջանը, որը համապատասխանում է Եվրոպայի բրոնզե և երկաթե դարերին և որը տևեց մինչև մ.թ. 250 թ.։ Յայոյ ժամանակաշրջանում է սկսվում ոռոգման եղանակով բրնձի մշակումը, բրուտագործությունը, մանածագործությունը, մետաղների մշակումը և պաշտպանված քաղաքային բնակավայրերի կառուցումը։ Այդ նորույթներն իրենց հետ բերում էին Չինաստանից և Կորեայից վերաբնակվածները։

Մ․թ․ա․250 թ. յայոյին փոխարինում է Կոֆուն ժամանակաշրջանը, որի ժամանակ Յամատո տարածքում առաջացավ ճապոնական պետություն։
Հաջորդը Ասուկա ժամանակաշրջանն էր, որն սկսվեց 538 թ.՝ տարածվեց կորեական Փեկչե պետությունից եկած բուդդիզմը։
Ութերորդ դարում սկսված Նարա ժամանակաշրջանում ստեղծվեց խիստ կենտրոնացված ճապոնական պետությունը՝ ժամանակակից Նարա քաղաքի մոտ գտնվող Հեյջյո-քյո կայսերական մայրաքաղաքով։ Ճապոնական հանրության արագացված չինականացման հետ միասին այդ ժամանակաշրջանին բնորոշ են նաև առաջին պատմագրությունների ստեղծումն ու մշակույթի ծաղկումը։ 712 թ. ավարտվում է Կոջիկի, իսկ 720 թ.՝ Նիհոն Շյոկի սուրբ գրքերը։
784 թ. Կամու կայսրը մայրաքաղաքը տեղափոխեց Նագաոկա-քյո, սակայն տասը տարի անց այն տեղափոխվեց Հեյան-քյո։ Այդպես սկսվեց Հեյան ժամանակաշրջանը, որի ժամանակ ծաղկում ապրեց ճապոնական ազգային մշակույթը։ Կանա վանկային այբուբենի ստեղծումը թույլ տվեց չինարենի փոխարեն գրել ճապոներեն։

XII դարից Ճապոնիայում սկսեց կառավարել ֆեոդալական ռազմականացված իշխող դասը՝ սամուրայների գերատեսչությունը։ 1192 թ. Մինամոտո-նո Յորիթոմոն հաղթելով իր հետ մրցակցող Տայրա գերդաստանին, նշանակվեց շյոգուն, որով սկիզբ դրվեց Կամակուրա ժամանակաշրջանին։ Նրա մահից հետո՝ 1199 թ. իրական իշխանությունն անցավ իր թողած Հոջյո գերդաստանին։ Կամակուրա շյոգունավարությունը 1274 և 1281 թթ. հաջողությամբ ետ է մղում մոնղոլների ներխուժումը։ Այդ ժամանակվա պաշտոնական կրոն է դառնում զենը։ Մոնղոլներին հաղթելուց հետո ճապոնացի ռազմիկների միջև սկսվում են պառակտիչ պատերազմներ, որի արդյունքում Կամակուրայի ռեժիմն արագ անկում է ապրում։ 1318 թ. գահակալեց Գո Դայգո կայսրը և գլխավոր հրամանատար Աշիկագա Տակաուջիի աջակցությամբ ետ վերադարձրեց իշխանությունը, սակայն 1336 թ. կայսեր որդու հետ իշխանությունը չկիսած Աշիկագա Տակաուջին Կիոտոյում գահին նստեցրեց կայսր Կյոմիյոյին և 1338 թ. նրանից ստացավ շյոգունի տիտղոս։ Արդյունքում Ճապոնիայում ստացվեց երկու կայսր և երկու շյոգուն, որոնք կատաղի հակամարտության մեջ էին ընդհուպ մինչև 1392 թ.։ Աշիկագա շյոգունապետությունը չկարողացավ վերհսկել խոշոր դայմյո ֆեոդալներին, այդիսկ պատճառով 1467 թ. բռնկվեց քաղաքացիական պատերազմ, որով սկիզբ դրվեց խռովություններով հարուստ Սենգոկու ժամանակաշրջանին։

Leave a Reply