Փոքր Մհեր մաս մեկ

  • Մայրենի

1

Էն ժամանակ ինչ Դավիթ մեռավ,
Իր արև էտու ձեր որդոց,
էնոր տղան՝ Մհեր, Կապուտկող էր.
Մհեր չ’իմացավ՝ իր հեր մեռե։
Քառսուն ազապ լաճ առեր,
Քառսուն ազապ աղջիկ առեր,
Յոթ տարվան նռան գինին դրեր, քեֆ կ’աներ։

Մնացին մեկ ժամանակ՝
Քեռի Թորոս միտք արեց,
Ասաց.— Ձենով Հովան, էլի՛,
Չմշկիկ Սուլթան տի գա,
Սասնա հող-քար տ’ողողի, տանի։
Էլի էրթանք Դավթի տղա Մհեր առնենք, գանք,
Թե՛ իր հոր վրեժ առնի,
Թե՛ Սասուն չը մնա անտեր,
Տեր կենա Ջոջանց տան։

Էլավ, առավ Ձենով Հովան,
Յոթ հատ էլ գոմշի կաշի,
Գնացին, հասան Կապուտկող,
Ու տեղի նստողին ասին.
— Մեր աղբոր ու հարսին էդտեղ տղա մի կա, ո՞ւր է.

Էնոնք էլ ասին՝ մեռեր է։–
ԶՄհեր տարե յոթ դարգհով ներս,
Պահապան են դրե վերան,
Փող ու թմբուկ կը զարնեն՝
Որ էն չը լսեր էդոնց ձեն, դուրս չը գար։
Մհեր մեկ բերդի պես կայներ էր,
Չէր թողնի, որ դուշման թագավորներ
Ոտ դնեն Կապուտկողի հող։—
Քեռի Թորոս ասաց.
— Մեր մեռելներուն նշան կա.
Մեր տան մարդ որ մեկ տարեկան մեռնի,
Էնոր տապան տաս Հալապա գազ է.
Էրկու տարեկան մեռնի՝ քսան Հալապա գազ.
Քանի տարեկան որ մեռնի՝
Ամեն տարվան տաս-տաս գազ է էնոր գերեզման
Մենք մեր ցեղի գերեզման կը ճանչենանք։

Էլան, գնացին գերեզմաններ,
Տեսա՛ն, որ իրենց շենքով գերեզման չը կար։
Ձենով Հովան ասաց.
— Բերե՛ք, կաշիք փաթթեք, որ ես բոռամ։
Բերին յոթ գոմշի կաշի փաթթեցին։
Էլան, գնացին սարի գլուխ.
Ձենով Հովան կանչեց.

«Տա՜ Մհեր, դու խմի՜*,
Տա՛ Մհեր, դու խմի՛
Նռան գինին.
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե»։

Ձեն էկավ, Մհերի ականջ ընկավ։
Փող, թմբուկ ավելի զլվեցին։
Մհեր գուսաններուն ասաց.
— Էդոնց ձեն կտրեք, էդ իմ ցեղի ձենն էր էկավ։

«Մեջ հյուսիսա էր*,
Մեջ հարավա էր,
Մեջ արևմուտ էր,
Մեջ արևել էր
Քո հեր սպանած,
Էսօր յոթն ենք արե։

Քո հոր վրեժ մնացե գետին.
Հիմի դու չե՞ս գա էնոր վրեժ առնենք։
Ախըր, դու էլ Սասնա տան խոյերեն ես»։

Գուսաններ ավելի զլեցին իրենց փող ու թմբուկ։
Մհեր ասաց.— Ես տ’էրթամ,
Իմ հրողբոր ձեն կը գա։
Արեց, որ տ’էլներ, պահապան ասաց.
— Էդ ձեր ցեղի ձեն չէ՛.
Ճժերն են ու թմբուկներն են. էնո՛նց ձենն է։
Մհեր իրեք անգամ որ ձեն լսեց,
Աքացի մ’էզար դարգահին,
Առաջի դարգահ կոտրեց.
Էնի հասավ մեկէլին, մեկել մեկէլին,
Յոթն էլ ջարդեց, էլավ դուրս։

Որ հասավ Քեռի Թորոսի մոտ,
Քեռի Թորոս ասաց.
— Ձենով Հովան, կայնի փորձեմ,
Թե Դավթի տղան է, կը տանեմ,
Թե Դավթի տղան չէ, կը զարկեմ,
Թողնենք էրթանք Սասուն։
Որ հասավ Քեռի Թորոսի մոտ,
Քեռին ասաց.— Տղա՛, էդ ո՞ւր էդպես հպարտ, հպարտ։
Ասաց.— Ինձի էրկու մարդ կը կանչեն,
Էնոնք ո՞ր կողմ գնացին։
Ասաց.— Դու ի՞նչ մարդ ես, որ քեզի կանչեն.
Դու ճիժ մ’ ես, տղա ես։
Մհեր ասաց.— Ինչի դու մարդ ես, ես մարդ չե՞մ։

Քեռի Թորոս ասաց.
— Ա՛յ տղա, քեզի գուրզ մի կը թալեմ,
Համա դու ճիժ ես, առաջ դու քո գուրզ թալ,
Ետև ես կը թալեմ իմ գուրզ։
Տղան որ իր գուրզ բերեց,
Քեռի Թորոս քշեց Վեցոտնեն Լազգին,
Մհերի գուրզ էնոր ձիու տակով պարապ գնաց:
Քեռի Թորոս կայնավ, օլըրավ, ասաց.
— Ա՜յ տղա, քեզի պատրաստ պահի,
Որ իմ գուրզ զարկեմ։
Թորոս որ գուրզ զարկեց,
Մհերի ճուռ բևեռեց թամքին.
Որ քաշեց, Մհեր իսկի օ՜ֆ չարեց։
Քեռի Թորոս ասաց.
— Յա՛, տղա, քո հոր հերական ասա,
Քո մոր մերական ասա.
Յա, ես գիտեմ դու բիճ ես.
Ես իմ գուրզ կը զարկեմ,
Ապառաժ քարեր կը ձևի, կը թալի,
Դու իսկի օ՜ֆ չ’արիր…
Մհեր ասաց.— Բիճ դու ես,
Իմ հոր հերական Դավիթն է.
Իմ մոր մերական Խանդութն է։
Էդտեղ իրար ճանչեցան։
Մհեր որ տեսավ քեռին, հրողբեր էկեր են,
Հեր չկա, հարցուց էնոնց։
Ձենով Հովան ասաց.
— Քո հեր սպանած, քո մերն էլ մեռե.
Չմշկիկ Սուլթան գահ է գա,
Սասնա հող-քար ողողի, տանի։

Էլաց ու վեր քիթ ու բերնին ընկավ գետին:
Մհեր որ ընկավ գետին,
Քեռին ու հրողբեր թափան վերան՝
Ինչ արեցին, չը կարցան շիտկել։
Մհերի արտսունք գետին արեց խանդակ, գնաց։

Ասաց, հեծավ իր ձին՝
Ու հետ Քեռի Թորոս, հետ հրողբեր
Ճամփա ընկավ դեհ Սասուն։

Առաջադրանքներ․

1․Համացանցից տեղեկություններ գտեք «Սասնա ծռեր» էպոսի մասին։ Քանի՞ ճյուղ ունի։ (Վիկիպեդիայից չպատճենել)։

Սասնա ծռերը ունի չորս ճյուղ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր։

Leave a Reply